Վնասված տանիքներ, կողաշրջված ծառեր, էլեկտրասյուներ. ուժգին քամին Երևանում վնասներ է պատճառել
Հանրապետության տարածքում քիչ առաջ ուժեղ քամի էր, ինչն անհետևանք չի մնացել: ԱԻՆ-ից Tert.am-ին տեղեկացրեցին, որ այս պահին քամին դադարել է, սակայն ահազանգերը շարունակում են ստանալ:
Ուժեղ քամու հետևանքով Արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման կենտրոն Երևանի տարբեր վարչական շրջաններից ահազանգեր են ստացվել, ըստ որոնց, ծառեր են կողաշրջվել, կան վնասված տանիքներ, էլեկտրասյուներ, որոշ տեղերում էլ քամին մալուխներն է վնասվել և այլն:
Հարցին՝ ավերածությունների հետևանքով տուժածներ կան, ԱԻՆ-ից պատասխանեցին, թե իրենք տուժածների մասին տեղեկություն չեն ստացել:
Քիչ առաջ քամու հետևանքով արձանագրված վնասների մասին հաղորդագրություն է տարածել նաև Երևանի քաղաքապետարանը՝ տեղեկացնելով, որ վնասների հետևանքով որոշակի անհարմարություններ են ստեղծվել:
«Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ աշխատակազմի համապատասխան ծառայություններն արդեն իսկ ձեռնամուխ են եղել քամու հետևանքով պատճառված վնասները շուտափույթ վերացնելու աշխատանքներին:
Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը»,-ասված է քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ:










