Վրաստանում «От Мартина»-ի սեփականատիրոջ հայրական տունը կողոպտելու մեջ կասկածվող կամ բերման ենթարկված դեռ չկա
Վրաստանի Ախալցխայի մունիցիպալիտետի Փոքր Պամաճ գյուղում կողոպտել են ռուսաստանաբնակ գործարար, բարերար, «От Мартина» ընկերության սեփականատեր Աշոտ Բաբոյանի հայրական տունը։ Գործարարի տնից գողացել են կենցաղային տեխնիկա և որոշակի գումար։ Այս պահի դրությամբ կասկածյալ կամ բերման ենթարկված չկա։
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Փոքր Պամաճի գյուղապետ Կարլեն Կարախանյանը։
«Դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Մարտին Բաբոյանը եղել է Երևանում, իսկ տանը ոչ ոք չի եղել։ Վերադառնալուց հետո տեսել է, որ տան ետնամուտքի դուռը բաց է։ Կասկածյալներ չկան, ոստիկանությունն այս պահին գողություն կատարելու կասկածանքով ոչ ոքի բերման չի ենթարկել»,-ասաց համայնքապետը։
Համայնքապետը հայտնեց, որ խոսել է Մարտուն Բաբոյանի հետ, ով հայտնել է, որ կենցաղային տեխնիկա, թանկարժեք խմիչքների հավաքածու և 5000 դոլար գումար են գողացել։
Կարլեն Կարախանյանն ասաց, որ ոչ միայն տան սեփականատերերը, այլ նաև ինքը որևէ կասկած չունի, թե ով կարող էր նման քայլի դիմել. «Բաբոյաններն այնքան բարի գործեր են արել գյուղի ու գյուղացիների համար, որ հնարավոր չէ կարծել, թե ով կարող էր թալանել»։
Tert.am-ին Վրաստանի Ներքին գործերի նախարարության հանրային կապերի բաժնից հայտնեցին, որ այս պահին կասկածյալներ չկան, հարուցվել է քրեական գործ Վրաստանի քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի՝ գողության հատկանիշներով. «Իրավապահներն աշխատում են, հանգամանքները պարզվում են»։










