Ավստրալական Օլբերիի օդանավակայանում ուղևորները դուրս են թռել ինքնաթիռից, երբ ռումբի մասին գրություն են հայտնաբերել

14:05 • 06.06.17

Ավստրալական Օլբերի քաղաքի օդանավակայանում ուղևորները դուրս են թռել ինքնաթիռից, երբ ինքնաթիռի զուգարանում տեղադրված ռումբի մասին գրություն են հայտնաբերել, հայտնում է Reuters գործակալությունը:


«Ոչինչ չի հայտնաբերվել, ոչ ոքի սպառնացող վտանգի չի եղել, միայն գրություն»,- ասել է ոստիկանության ներկայացուցիչը:


Ինքնաթիռում տարհանման ժամանակ եղել է 42 ուղևոր: Մի տղամարդ ձերբակալվել է:


ԶԼՄ-ները վկայակոչում են ականատեսներին, որոնք լսել են, թե ինչպես է մեկը հրահանգում թողնել ուղեբեռը, դուրս գալ և վազել: Ականատեսների խոսքերով՝ ուղևորները դուրս էին թռչում թռիչքուղու վրա:


Ավելի վաղ հաղորդվել է, որ Մելբուրնի Բրայթոն թաղամասում պայթյուն և կրակոցներ են հնչել, ինչից հետո անհայտ անձը մի կնոջ է պատանդ վերցրել: Շենքի սրահում հայտնաբերվել է սպանված տղամարդ: Հատուկ գործողության ընթացքում հանցագործը սպանվել է, իսկ կինն ազատվել: Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: