Թբիլիսիից ադրբեջանցի լրագրողի առևանգումն ու Ադրբեջանին հանձնելը վատ է ոչ միայն Վրաստանի, այլ տարածաշրջանի համար. լրագրողի փաստաբան

20:32 • 06.06.17

 

Վրաստանում շարունակվում է ադրբեջանցի լրագրող, ակտիվիստ Աֆգան Մուխթարլիին Թբիլիսիից Ադրբեջան հասցնելու և Ադրբեջանին հանձնելու շուրջ իրադարձությունների ծավալումը: Իրավական քայլերի, լրագրողի փաստաբանների պահանջի, միջազգային հանրության հայտարարությունների և այլ հարցերի շուրջ Tert.am-ը զրույցեց Աֆգան Մուխթարլիի պաշտպաններից Արչիլ Չոփիկաշվիլիի հետ:

-Պարոն Չոփիկաշվիլի, ինչպես պատահեց, որ լրագրողը Թբիլիսիի կենտրոնից հայտնվեց Ադրբեջանում: Ի՞նչ է սա իր և ձեր մեկնաբանությամբ:

-Մուխթարլին դա համարում է անձի առևանգում: Նա համարում է, որ իր հետ տեղի ունեցածը իրականացվել է Վրաստանի և Ադրբեջանի իշխանությունների ոչ պաշտոնական համագործակցության հետևանքով:

Թբիլիսիի կենտրոնից առևանգել են մարդուն, անցկացրել են Վրաստանի ողջ տարածքով տարել են վրաց-ադրբեջանական սահման և հանձնել Ադրբեջանին՝ գլխին պարկ անցկացրած: Վարկածներից մեկն այն է, որ իր տեղն ունի գործընկերությունը, իսկ երկրորդ վարկածն այն է, որ վրացական կողմը չի կարող վերահսկել սահմանն ու երկրի անվտանգությունը: Ինչը շատ վատ է մեր երկրի համար, և ոչ միայն երկրի, այլ նաև  տարածաշրջանի համար: Հետևաբար, այս հարցերին պետք է պատասխան տալ: Վրաստանի իշխանությունը օտարերկրյա դեսպաններին, միջազգային հանրության կողմից արված հայտարարություններին  ի պատասխան հայտնում է, որ այս գործը ամբողջովին կբացահայտվի:

-Դուք՝ պաշտպանական կողմը դիմել եք Վրաստանի դատախազությանը, գործը քննելու համար: Ո՞րն է շարժառիթը և ի՞նչ են ասում պատկան մարմինները:

-Չնայած գործը քննում է Ներքին գործերի նախարարությունը, այն դեպքում, երբ կասկած կա, որ լրագրողին հանձնել են ոստիկանները կամ ոստիկանության պաշտոնյաները:

Այդ պատճառով դիմել ենք Վրաստանի դատախազությունը, որպեսզի գործը քննի այն, չնայած ապարդյուն: Մեզ պատասխան չի տրվել:  Սա մեզ մտահոգում է, որ նախաքննությունը անցկացվում է ոչ օբյեկտիվ և համակողմանի, քանի որ մեր հարցերին պատասխան չի տրվում: 

Հակառակը՝ իշխանությունները մեզ ասում են, որ մեր մոտ կասկածներ չպետք է առաջանան և իրենց հարցեր չպետք է ուղղենք, ավելին, պետք է հավատանք իրենց:  Նման հայտարարությունները վնասում են գործընթացին: Պետության ոչ ադեկվատության պատճառով տեղի ունեցավ այս սկանդալը, որը վերածվել է միջազգային սկանդալի:

-Եվրամիության դեսպանը, ԱՄՆ պետդեպարտամենտը և Եվրամիությունը հանդես են եկել հայտարարությամբ, ԵՄ-ն ու Պետդեպարտամենտը Վրաստանից պահանջել  են գործի թափանցիկ քննություն: Կազդի՞ սա Վրաստանի միջազգային հեղինակության վրա:

-Սա վերածվել է միջազգային սկանդալի, դրա համար ԱՄՆ պետդեպարտամենտը, ԵՄ-ն և ԵՄ դեսպանը չէին կարող չարձագանքել այդ փաստին, որովհետև սա ցավալի և խնդրահարույց հարց է Վրաստանի և ամբողջ տարածաշրջանի համար:

-Անձն առևանգվել է Թբիլիսիի կենտրոնից: Այս ամենից ելնելով, կարո՞ղ ենք ասել, որ Վրաստանում կան մարդիկ, ովքեր վերահսկում են ադրբեջանցի ընդդիմադիրներին:

-Ոչ, դա սխալ հայտարարություն է, իրականությունն այն է, որ Վրաստանում Ադրբեջանից, Հայաստանից և հնարավոր է նաև այլ երկրներից քաղաքական հայացքների համար հետապնդվողներ կան, այդ թվում նաև լրագրողներ, ովքեր իրենց երկրներում հետապնդվում են ազատ կամարտահայտման և քաղաքական հայացքների համար:

Դրա համար նման հայտարարություն անելը չի կարելի, որ Հայաստանում  նրանց ինչ-որ մեկը հովանավորում է կամ վերահսկում է:  Վրաստանը պաշտպանում է  բոլոր նրանց, ովքեր օրինական կերպով գտնվում են Վրաստանում:

-Ի վերջո, ի՞նչ եք պահանջում դուք՝ պաշտպաններդ:

-Մենք պահանջում ենք, որպեսզի  այս գործը քննվի օբյեկտիվ և համակողմանի, պատասխատավության ենթարկվեն հանցանք կատարողները  և նրանց աջակիցները: Բացի այդ, Ադրբեջանի իշխանություններից մեր պահանջն է, որ  հնարավոր սեղմ ժամկետներում ազատ արձակվի այն անձը, ով այս պահին լրագրողական գործունեության համար գտնվում է կալանավայրում: