Ռաքքայի ազատագրման գործողությունը կլինի երկարատև և ոչ դյուրին. ամերիկացի հրամանատար
ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիոն ուժերի հրամանատարներից Սթիվ Թաունսենդը, խոսելով սիրիական Ռաքքա քաղաքի՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից ազատագրման գործողության մասին, նշել է, որ ռազմական գործողությունը կլինի երկարատև ու ոչ դյուրին, սակայն ի վերջո մեծ վնաս կհասցնի ԻՊ-ին, գրում է gazeteduvar.com.tr-ը։
Ամերիկացի հրամանատարն ընդգծել է, որ հավատում է, որ Ռաքքայի գործողությունը կպսակվի հաջողությամբ և մեծ դեր կունենա ԻՊ-ի դեմ պայքարի ծրագրում:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի աջակցությունը վայելող «Սիրիայի դեմոկրատական ուժեր» խմբավորումը երեքշաբթի մտել է Սիրիայում «Իսլամական պետություն» խմբավորման գլխավոր հենակետ հանդիսացող Ռաքքա քաղաք՝ քաղաքի գրոհի նոր փուլի մասին հայտարարելուց մոտ մեկ ժամ անց:
Կոալիցիան Ռաքքան ազատագրելու համար «Սիրիայի դեմոկրատական ուժերին» աջակցել է ռազմական խորհրդականներով և մատակարարվող զենքով, ինչպես նաև՝ օդային հարվածներով:
Դեռևս երկու օր առաջ ԱՄՆ-ն տեղեկացրել էր Թուրքիայի իշխանություններին սիրիական Ռաքքա քաղաքի ազատագրման գործողության մեկնարկի մասին: Վաշինգտոնը նաև երաշխավորել է Անկարային, որ Սիրիա մատակարարվող զենքը չի հայտնվի Թուրքիայի տարածքում:
Հիշեցնենք, որ մայիսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ընդունել է Սիրիայի տարածքում գործող քրդական ազգային ինքնապաշտպանության ջոկատներին (YPG) զենք տրամադրելու մասին որոշումը, որը խիստ հակազդեցության է արժանացել Թուրքիայում:










