ՌԴ կրթության նախարարն առաջարկել է ԱՊՀ տարածքում միասնական այբուբենի անցնել
ՌԴ կրթության և գիտության նախարար Օլգա Վասիլևան առաջարկել է ԱՊՀ տարածքում վերադառնալ միասնական այբուբենի, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Լրատվամիջոցը նշում է, որ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Ուզբեկստանում, Թուրքմենստանում, Ադրբեջանում իրականացվում է կիրիլիցայից անցում լատինական այբուբենի: Ղազախստանի իշխանությունները հայտարարել են, որ 2025 թվականից երկիրն ամբողջությամբ կանցնի լատինական այբուբենի:
«Վերջին 10 տարիներին շատ մեծ թեմա է եղել՝ այբուբենների լատինականացումը և արաբականացումը: Ահա հիմա մենք պետք է վերադառնանք միասնական այբուբենի ԱՊՀ տարածքներում, դա կիրիլիցան է, որովհետև, ինչպես ցույց են տալիս հարցումները, մեր, հարևան երկրների բնակչությունն այնուամենայնիվ խոսում է կիրիլիցային կապվածության և անհրաժեշտության մասին»,- ասել է Վասիլևան «Ռուսական աշխարհը և ռուսերենը. Պատմական արմատները և զարգացման ուղղությունները» թեմայով ֆորումի ժամանակ:
Վասիլևան ընդգծել է, որ Ռուսաստանը պետք է շատ հստակ պահպանի կիրիլիցայի տարածման հարցում իր դիրքորոշումը:
«Չնայած վերջին երկու տասնամյակի ընթացքում այն (դիրքորոշումը) փոքր-ինչ թուլացել է»,- ընդգծել է Վասիլևան:










