«Սիրիայի դեմոկրատական ուժեր» խմբավորումն արևելքից մտել է Ռաքքա. հրամանատար
ԱՄՆ-ի աջակցությունը վայելող «Սիրիայի դեմոկրատական ուժեր» խմբավորումը երեքշաբթի մտել է Սիրիայում «Իսլամական պետություն» խմբավորման գլխավոր հենակետ հանդիսացող Ռաքքա քաղաք՝ քաղաքի գրոհի նոր փուլի մասին հայտարարելուց մոտ մեկ ժամ անց, հայտնում է AFP գործակալությունը:
«Մեր ուժերը մտել են Ռաքքա քաղաք՝ Ալ-Մեշլեբ արևելյան թաղամասից»,- գործակալությանը հայտնել է «Սիրիայի դեմոկրատական ուժերի» հրամանատար Ռոջդա Ֆելատը:
Նրա խոսքով՝ կատաղի մարտեր են ընթանում նաև քաղաքի հյուսիսային արվարձաններում:
Քաղաքի տարածքում առաջ շարժվելուն նախորդել են ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի օդային հարվածները:
Կոալիցիան Ռաքքան ազատագրելու համար «Սիրիայի դեմոկրատական ուժերին» աջակցել է ռազմական խորհրդականներով և մատակարարվող զենքով, ինչպես նաև՝ օդային հարվածներով:










