Թուրքիան կշարունակի Քաթարի հետ հարաբերություններ զարգացնել. Էրդողան
Թուրքիան կշարունակի Քաթարի հետ հարաբերություններ զարգացնել, հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ:
Ըստ Էրդողանի՝ Անկարան ճիշտ չի համարում Քաթարի դեմ պատժամիջոցներ կիրառելու որոշումը։ Նա աջակցել է ստեղծված իրավիճակում այդ երկրի դիրքորոշումը, հավելելով, որ Թուրքիան կգործադրի բոլոր ջանքերը, որ դրությունը հնարավորինս արագ կարգավորվի երկխոսության ճանապարհով։
Հիշեցնենք, որ Սաուդյան Արաբիան, Եմենը, Եգիպտոսը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Լիբիան, Մալդիվներն ու Բահրեյնն խզել են Քաթարի հետ դիվանագիտական կապերը:
«Քաթարն աջակցում է բազմաթիվ ահաբեկչական և ծայրահեղական խմբավորումների («Մուսուլման եղբայրներ», «Իսլամական պետություն», «Ալ Քաիդա»), որոնց նպատակն է տարածաշրջանային կայունության խախտումը: Այդ երկիրն իր մեդիայի միջոցով անընդհատ իրականացնում է այդ խմբավորումների գաղափարախոսության քարոզը»,- նշվում է Սաուդյան Արաբայի խոշորագույն լրատվական գործակալության տարածած հայտարարությունում:










