Charlie Hebdo-ն «գլխատել» է Թերեզա Մեյին Լոնդոնի ահաբեկչության մասին ծաղրանկարում (լուսանկար)

17:21 • 07.06.17

Ֆրանսիական աղմկահարույց Charlie Hebdo շաբաթաթերթը հերթական համարի շապիկին տեղադրել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի ծաղրանկարը, որում քաղաքական գործչի ձեռքերում իր գլուխն է: Ծաղրանկարը հայտնվել է ամսագրի կայքում:

Lenta.ru-ի հաղորդմամբ՝ այս կերպ ամսագիրը նկարազարդել է հունիսի 3-ին Լոնդոնում տեղի ունեցած ահաբեկչական ակտը, որի զոհ է դարձել յոթ մարդ:

Նշվում է, որ ամսագրի շապիկին տեղ գտած նկարազարդումն ուղեկցվել է «Բազմամշակութայնությունը բրիտաներեն» գրությամբ: Համարում Լոնդոնի ահաբեկչության հետ կապված նաև այլ պատկերներ կան, որոնցից մեկում («Բրիտանացիները ցնցված են») պատկերված է անգլիացի զույգ, որը պնդում է. «Մենք երբեք Մուհամեդ մարգարեի մասին ծաղրանկարներ չենք արել»:

Ծաղրանկարների հեղինակները բրիտանացիներին տվել են «նիհարելու խորհուրդներ» ահաբեկիչներից. ծայրահեղականների անիվների տակ ընկնելու ռիսկի ենթարկվող լոնդոնցիներին խորհուրդ են տվել «ավելի արագ վազել»: Կոչը նկարազարդվել է պատկերով, որում մարդկանց ամբոխը վազում է Բիգ Բեն աշտարակի ուղղությամբ: Նկարի հերոսներից մեկի ձեռքում գարեջուր է. այս կերպ ամսագիրը ծաղրել է երիտասարդի պատմությունը, որն ահաբեկչության ժամանակ վազել է՝ փորձելով չթափել իր ըմպելիքը: