Իգնատի Առաքելյանը Բելառուսում քննարկել է անտառային տնտեսության կառավարմանը վերաբերող հարցեր

14:43 • 07.06.17

Եռօրյա աշխատանքային այցով Բելառուսի Հանրապետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը հանդիպել է Բելառուսի Հանրապետության անտառային տնտեսության նախարար Միխայիլ Ամելյանովիչի հետ:

Այս մասին հայտնում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Հանդիպման ընթացքում քննարկվել է անտառային տնտեսության կառավարմանը վերաբերող հարցեր: ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նշել է, որ  ոլորտը Հայաստանի համար ունի ռազմավարական նշանակություն, իսկ Բելառուսը մեծ փորձ ունի այդ ոլորտում: Պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա համագործակցության համար ստեղծել համատեղ աշխատանքային խումբ:

Հանդիպման ավարտից հետո Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարն այցելել է   Բելառուսի Հանրապետության անտառային տնտեսության նախարարության Անտառային սելեկցիոն-սերմնաբուծական հանրապետական կենտրոն, տեղում ծանոթացել հաստատության աշխատանքներին: Իգնատի Առաքելյանն այցելել է նաև Բելառուսի Հանրապետության անտառային տնտեսության նախարարության անտառային տնտեսության կառավարման ունիտար «Բելգոսլես» ձեռնարկություն, ծանոթացել ձեռնարկության գործունեությանը:

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այնուհետև ուղևորվել է ագրոհամալիր՝ տեղում ծանոթանալու կենտրոնի հնարավորություններին:

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը մասնակցել է նաև «Բելագրո 2017» գյուղատնտեսական միջազգային ցուցահանդեսին, շրջել է տաղավարներով, զրուցել է ոլորտի մասնագետների հետ: