Մենք խստորեն դատապարտում ենք Իրանում իրականացված հարձակումները. Էդվարդ Նալբանդյան
Հայաստանը խստորեն դատապարտում է Իրանի խորհրդարանի և Իմամ Խոմեյնիի դամբարանի վրա այսօր իրականացված ահաբեկչական հարձակումները: Այդ մասին հայտարարել է Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Twitter-ում նախարարության էջում տեղադրված հայտարարությունում:
Էդվարդ Նալբանդյանը նաև նշել է, որ Հայաստանը համերաշխություն է հայտնում Իրանի ժողովրդին։
«Մենք խստորեն դատապարտում ենք Իրանի խորհրդարանի և Այաթոլլահ Խոմեյնիի դամբարանի վրա այսօր իրականացված հարձակումները: Մենք համերաշխություն ենք հայտնում Իրանի ժողովրդին»,- ասել է Էդվարդ Նալբանդյանը:
Հիշեցնենք, որ այսօր հարձակում է տեղի ունեցել Իրանի խորհրդարանի շենքում և Իմամ Խոմեյնիի դամբարանում:
Իրանի շտապ բժշկական ծառայության կենտրոնի ղեկավարի հաղորդմամբ՝ երկու ահաբեկչական հարձակումների հետևանքով զոհվել է 12 մարդ, 42 մարդ վիրավորվել է: Երկրի ներքին գործերի փոխնախարար Հոսեյն Զոլֆաքարին էլ հայտնել է, որ ահաբեկիչները խորհրդարան էին մտել կանանց հագուստով:
Նշենք, որ երկրի հետախուզության և ազգային անվտանգության նախարարությունը հայտարարել է, որ Թեհրանում նախատեսվում էր իրականացնել երեք ահաբեկչական հարձակում, որոնցից մեկը տապալվել է, իսկ դրա հեղինակները ձերբակալվել են մինչ հարձակման իրականացումը:










