Փարիզում ոստիկանի վրա հարձակված տղամարդը խոստովանել է ԻՊ հետ իր կապերի մասին
Տղամարդը, ով Փարիզի Աստվածամոր տաճարի մոտ մուրճով հարվածել էր ոստիկանության աշխատակցին, խոստովանել է, որ հանդիսանում է Իսլամական պետություն խմբավորման «խալիֆայության զինվոր», - հայտնում է Reuters գործակալությունը:
Ինչպես հայտնել է Ֆրանսիայի Ներքին գործերի նախարար Ժերար Կոլոնը, տղամարդն ունեցել է նաև 2 խոհանոցային դանակ և անձը հաստատող փաստաթուղթ՝ ալժիրցի ուսանողի անունով, որի օրինականությունն այժմ ստուգվում է։ Բացի այդ, հարձակվողը Սիրիայի հետ կապված բղավոցներ է արձակել միջադեպի ժամանակ:
Ավելի վաղ, Ֆրանսիայի ոստիկանությունը Փարիզի Աստվածամոր տաճարի մոտ իրականացված հարձակումը որպես ահաբեկչություն էր որակել:
Հիշեցնենք, որ ոստիկանները վիրավորել էին իրավապահ մարմնի աշխատակցի վրա մուրճով հարձակում իրականացնող անձին: Վերջինս հրազենային վնասվածքով տեղափոխվել էր հիվանդանոց:
Մայրաքաղաքի իշխանությունները բնակիչներին կոչ էին արել խուսափել տաճարի մոտակայքում հայտնվելուց, որի ներսում շուրջ 900 զբոսաշրջիկ է արգելափակված մնացել:










