ԱՄՆ Կոնգրեսը դատապարտել է Էրդողանի թիկնապահների գործողությունները և պահանջել պատասխանատվության ենթարկել նրանց
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիկնազորի գործողությունները դատապարտող բանաձև: Օրենսդիրները պահանջում են պատասխանատվության ենթարկել բոլոր մեղավորներին, ում գործողությունները հանգեցրել էին բախումների Վաշինգտոնում Թուրքիայի առաջնորդի վերջին այցի ընթացքում:
Բանաձևի նախագծին աջակցել են է կոնգրեսական: Տեքստի հեղինակը Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի Հանրապետական ներկայացուցիչ Էդվարդ Ռոյսն է:
«Թուրքական անվտանգության ծառայությունը գործել է ոչ պրոֆեսիոնալ և կոշտ, ինչը բացասական ազդեցություն է թողնում նախագահ Էրդողանի և Թուրքիայի կառավարության վրա, - ասված է բանաձևի մեջ, - բոլոր մեղավորները պետք է ենթարկվեն պատասխանատվության՝ համաձայն ԱՄՆ-ի օրենքի»:
ԱՄՆ Կոնգրեսի բանաձևերը դեկլարատիվ բնույթ են կրում և պարտադիր իրականացման ենթակա չեն:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Միացյալ Նահանգներում Թուրքիայի դեսպանի նստավայրի մոտակայքում Էրդողանի ԱՄՆ այցի դեմ բողոքող խաղաղ ցուցարարների խումբը հարձակման էր ենթարկվել էրդողանամետ խմբերի կողմից։ The Washington Post-ի հաղորդմամբ՝ տեղի ունեցած բախումների հետևանքով ինը մարդ էր վիրավորվել:
Սպիտակ տանն Էրդողանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպման ընթացքում անցկացված ցույցը կազմակերպել էին մի շարք կազմակերպություններ, որոնց թվում են եղել նաև Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը և Ամերիկյան հելենական խորհուրդը: Ցույցին մասնակցել են մի շարք այլ խմբեր, որոնց թվում են եղել հայկական, հունական, քրդական և ասորական համայնքների ներկայացուցիչներ:
Ինչպես տեղեկացրել էր Հայ դատի ամերիկյան հանձնախումբը, քուրդ, եզդի և հայ ցուցարարների վրա հարձակված Էրդողանի աջակիցները, դեպքի վայրից տեղեկությունների համաձայն, հատուկ պատրաստություն անցած անձինք են եղել, որոնք եղել են Ռեջեփ Թայիփ Էրդողանի անվտանգության ծառայությունից:










