Apple-ն իր խանութներում iPhone-ի կոտրված էկրանը վերանորոգող նոր սարքեր կտեղադրի
Ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերությունը շուտով կնվազեցնի իր խանութներում iPhone սմարթֆոնի վերանորոգման համար հերթում սպասելու երկար ժամանակահատվածը:
Ինչպես նշում է Business Insider-ը, ընկերությունն աշխարհի 25 երկրի 400-ից ավելի խանութներում կտեղադրի iPhone-ի կոտրված էկրանի վերանորոգման համար անհրաժեշտ նորագույն սարքավորումներ:
Աղբյուրը նկատում է, որ առաջին հայացքից սա կարող է չնչին բան թվալ, սակայն իրականում կոտրված էկրանների վերանորոգումն ամբողջ աշխարհում բազմամիլիարդանոց բիզնես է:
Apple-ի փոխանցմամբ՝ այժմ վերանորոգող սարքերը պահվում են Կուպերտինոյում՝ ընկերության գլխավոր շտաբ-բնակարանում:
Մինչև տարեվերջ դրանց քանակն Apple-ի խանութներում կկրկնապատկվի:
Հայտնի է, որ Apple-ն ամբողջ աշխարհում վաճառել է ավելի քան 1 մլրդ iPhօne, որոնց տերերի մեծ մասն էկրանը վնասվելու դեպքում դիմում է ոչ թե բուն արտադրողին, այլ մասնավոր անձանց կամ խանութների:
Այս ոլորտում իրականացված հետազոտության արդյունքները վկայում են, որ ամբողջ աշխարհում սմարթֆոնների վերանորոգման բիզնեսը տարեկան ապահովում է մոտ 4 մլրդ դոլարի եկամուտ:










