Պեկինում ցուցադրվել է սաթի մեջ քարացած հնագույն թռչնակ (լուսանկար)
ԱՄՆ-ի, Կանադայի և Չինաստանի հնէաբաններն առաջին անգամ լայն հանրությանը ներկայացրել են սաթի մեջ քարացած թռչնակ, որը մոտ 99 միլիոն տարվա է: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով չինական Sina տեղեկատվական պորտալին:
Աղբյուրի հաղորդմամբ՝ Պեկինում ցուցադրված նմուշը հայտնաբերվել է Մյանմայի հյուսիսային մասում դեռևս 2016 թվականին, սակայն դրա հստակ տարիքը պարզելու համար գիտնականներին պահանջվել է մի քանի ամիս:
«Այս անգամ մենք գտել ենք 9 սմ երկարությամբ սաթի նմուշ, որն ամբողջությամբ իր մեջ տեղավորել է հնագույն թռչնի գլուխը, ողնաշարի վզային հատվածը, թևերը և պոչը», - պատմել է Լոս Անջելեսի Ազգային պատմական թանգարանի հայտնի հնէաբան Լուիս Չիապպեն:
Գիտնականների խոսքով՝ այս գտածոն բացառիկ է համարվում, քանի որ, ի տարբերություն մնացորդների, որոնք հայտնաբերվում են հողի մեջ, սաթի մեջ քարացած վեց սանտիմետրանոց թռչնակի մոտ պահպանվել է ամբողջական կառուցվածքը, և ինչն առավել կարևոր է՝ մաշկային ծածկույթը, փետրավորումը և նույնիսկ ականջների բացվածքները և կոպերը, ինչը գիտնականներին հնարավորություն է ընձեռում մանրամասնորեն ուսումնասիրել նախապատմական թռչուններին:











