Հակառակորդը կրակել է Տավուշի մարզի մի քանի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ, թեթև վնասներ պատճառել

13:42 • 09.06.17

Երեկ երեկոյան հակառակորդը Տավուշի մարզի սահմանամերձ մի քանի գյուղերի ուղղությամբ կրակոցներ է արձակել, որոնց հետևանքով գյուղին ոչ մեծ նյութական վնասներ են հասցվել:

Tert.am-ի հետ զրույցում Բաղանիս համայնքի ղեկավար Նարեկ Սահակյանն ասաց, որ երեկ երեկոյան ժամը 21.00-ից մինչև 23:00-ը կրակոցներ են եղել: «Էական վնասներ չունենք, մեկ-երկու տների տանիքներ են թեթև վնասվել և բնակիչներից մեկի տան դարպասին էր կպել»,-ասաց համայնքի ղեկավարը:

Ըստ նրա, այս պահին կրակոցներ չկան, ամեն ինչ նորմալ է:

Կոթի համայնքի ղեկավար Ֆելիքս Մելիքյանը նշեց, թե նույն ժամերին կրակոցներ արձակվել են նաև իրենց գյուղի վրա: «Գյուղին վնասներ հասցվել են, իհարկե, ոչ մեծ, բայց եղել են»,-ասաց նա և նշեց, որ այս պահին խաղաղ է, կրակոցներ չկան: