Սեյսմոգրաֆի ստեղծումից մոտ 1.000 տարի առաջ հայերը երկրաշարժերը կանխագուշակում էին «Ճոճվող սյան» միջոցով. Atlas Obscura (լուսանկարներ)
Ամերիկյան Atlas Obscura առցանց պարբերականն ուշագրավ անդրադարձ է կատարել Հայաստանի ամենատեսարժան վայրերից մեկի՝ Տաթևի վանական համալիրի Ճոճվող սյանը՝ Գավազանին:
Աղբյուրը նկատում է, որ ժամանակակից սեյսմոգրաֆի ստեղծումից դեռևս դարեր առաջ հայ վանականները կարողանում էին կանխագուշակել երկրաշարժերն այս ճոճվող սյան օգնությամբ:
«Ժամանակակից սեյսմոգրաֆի ստեղծումից (19-րդ դար) մոտ 1.000 տարի առաջ Տաթևում ապրող հայ վանականները կառուցել են «Գավազան» կոչվող, ճոճվող հիմքով սյունը, որն ամեն անգամ տարուբերվում էր, երբ ստորգետնյա ցնցում էր տեղի ունենում: Հազարամյա վանական համալիրը միջնադարյան գիտության և փիլիսոփայության մեծ կենտրոն էր՝ համալրված գավազանով ու նմանատիպ կառույցներով»,-նշվում է անդրադարձում, որում մի շարք ուշագրավ պատմական փաստեր են ներկայացվում վանական համալիրի, դրա ոսկե դարաշրջանի, վերելքի, թուրք սելջուկների ներխուժման վերաբերյալ:
Atlas Obscura-ն շարունակում է պատմական անդրադարձը՝ նշելով, որ թուրք սելջուկների ներխուժումից հետո վանական համալիրը 14-15-րդ դարերում աստիճանաբար վերականգնվել է, ինչն ուղեկցվել է Տաթևի համալսարանի հիմնադրմամբ:
Գրիգոր Տաթևացու ղեկավարության ներքո այն դարձել է Հայաստանում գլխավոր ուսումնական կենտրոնը: Սակայն ծաղկման այս շրջանն ավարտվել է Լենկ Թեմուրի արշավների հետևանքով:
«Դիմանալով բազմաթիվ ռազմական հարձակումների ու երկրաշարժերի՝ սյունն առ այսօր շարունակում է կանգուն մնալ վանական համալիրի տարածքում՝ չնայած, որ այն այլևս չի ճոճվում ստորգետնյա ցնցումներից»,- եզրափակում է աղբյուրը:


















