Apple-ը հաստատել է, որ աշխատում է ինքնակառավարվող ավտոմեքենաների նախագծի վրա

12:13 • 14.06.17

Տարիներ շարունակ Apple ընկերության ավտոմեքենաների վերաբերյալ նախագծի շուրջ լրատվամիջոցների ենթադրություններից հետո ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Թիմ Քուկն առաջին անգամ խոսել է ավտոմեքենաների շուկայում ընկերության ծրագրերի մասին:


«Մենք կենտրոնանում ենք ինքնավար համակարգերի վրա: Մենք շատ կարևոր ենք համարում այդ տեխնոլոգիան»,- ասել է Քուկը Bloomberg TV-ին տված հարցազրույցում:


Նա նշել է, որ աշխատանքներն «արհեստական ինտելեկտի վերաբերյալ նախագծերի մեգանախագիծն է», և հավելել է, որ այն աշխատանքի տեսանկյունից «հավանաբար ամենաբարդ արհեստական ինտելեկտի վերաբերյալ նախագծերից մեկն է»:


Apple-ն ավելի վաղ, Project Titan-ի շրջանակներում, ինչպես ընկերությունում անվանվում է ավտոմեքենաների հարցերով աշխատող թիմը, փորձել է ստեղծել իր սեփական ավտոմեքենան, բայց ավելի ուշ հրաժարվել է այդ գաղափարից՝ ի նպաստ ինքնավար տեխնոլոգիայի ստեղծման:


Այն, որ Apple-ն աշխատում է ինքնակառավարվող ավտոմեքենաների տեխնոլոգիաների վրա, պարզ է դարձել, երբ ընկերությունն ապրիլին թույլտվություն է ստացել Կալիֆորնիայում ինքնակառավարվող ավտոմեքենաները փորձարկելու համար:


Լրատվամիջոցները նշում են, որ Քուկի խոսքերից կարելի է ենթադրել, որ ընկերությունն աշխատում է համակարգի վրա, որը կարող է վաճառել այլ ավտոարտադրողներին:


Bloomberg-ին տված հարցազրույցում Քուկը հրաժարվել է հայտնել, թե արդյոք Apple-ն ի վերջո կարտադրի իր սեփական մեքենան:


«Կտեսնենք, թե ուր կհասնենք: Մենք արտադրանքի առումով չենք ասում, թե ինչ ենք անելու»,- ասել է նա:

Apple-ը հաստատել է, որ աշխատում է ինքնակառավարվող ավտոմեքենաների նախագծի վրա