Իսրայելում աճուրդի են հանվել Ալբերտ Էյնշտեյնի նամակներն Աստծո, ֆիզիկայի և Իսրայելի մասին
Իսրայելում աճուրդում վաճառքի կհանվեն ֆիզիկոս Ալբերտ Էյնշտեյնի նամակները, որոնք ուղղված են քվանտային ֆիզիկայի մասնագետ Դևիդ Բոմին: Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ աճուրդի կհանվի հինգ նամակ, որոնց նախնական արժողությունը գնահատվում է 20 հազար դոլար: Դրանք աճուրդի են հանվել 2016 թվականին Բոմի այրու մահվանից հետո:
Հայտնի է, որ Էյնշտեյնը և Բոմն ընկերացել են ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգի Փրինսթոնի համալսարանում աշխատելու ժամանակ: Բոմին ուղղված նամակներում Էյնշտեյնը քննարկել է քվանտային ֆիզիկային, Աստծուն և Իսրայել նորաստեղծ պետությանը վերաբերող հարցեր:
«Եթե աշխարհն ստեղծել է Աստված, ապա նրան շատ չի հուզել՝ ինչպես դյուրըմբռնելի դարձնել այն մեզ համար», - 1954 թվականի նամակներից մեկում գրել է Էյնշտեյնը:
Գիտնականը քննարկել է նաև Իսրայելի թեման:
«Իսրայելն ինտելեկտուալ առումով ակտիվ և հետաքրքիր է, սակայն այնտեղ շատ քիչ հնարավորություն կա», - գրել է նա Բոմին:










