ԵԱՏՄ-ն գովաբանած ՀՀԿ-ականները չեն ցանկանում փոփոխություն, քանի որ վախենում են Լինչի դատաստանից. Արամ Զ. Սարգսյան (տեսանյութ)
Հայաստանը պետք է եվրասիական իր ընկերներին ասի, որ այս միությունից ոչ մենք ենք շահում, ոչ իրենք, որ քաղաքական հարաբերությունները պետք չէ խառնել տնտեսական այս համագործակցության հետ: Այս տեսակետները բարձրաձայնել է պետք: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զ. Սարգսյանը: Վերջինս նշեց, որ Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու պահանջը ներկայացնելը պետք է լինի ժամանակին: Ըստ նրա՝ հայտարարել, թե վաղը դուրս ենք գալիս ԵԱՏՄ-ից` միայն «լավ տղա» անվանվելու համար, ճիշտ չէ. հարկավոր է հաշվարկել հետևանքները, վնասները, որոնք Հայաստանը ու ՀՀ քաղաքացիները կունենան այդ գործընթացի արդյունքում:
- ԱՄՆ-ն տնտեսական նոր պատժամիջոցներ կիրառեց Ռուսաստանի նկատմամբ: Հայաստանը, լինելով գերտերությունների մեջտեղում, քաղաքական և տնտեսական առումներով կզգա՞ այս լարվածության հետևանքները:
- Նախ ասեմ, որ ԱՄՆ և ՌԴ միջև ընթացող «սառը պատերազմը» տնտեսական պատժամիջոցների կիրառմամբ մտավ եզրային փուլ: Ինչ վերաբերում է Հայաստանի վրա հնարավոր ազդեցությանը, ապա կարծում եմ, որ տեղի ունեցածը միանշանակ կանդրադառնա թե՛ տնտեսապես, թե՛ քաղաքականապես: Բոլորս լավ հիշում ենք, որ «սառը պատերազմի» ժամանակաշրջանում Խորհրդային Միությունը 10-12 տարի դիմացավ, հետո փլուզվեց, իսկ Խորհրդային միությունը լուրջ պետություն էր, լուրջ բազայով, աշխարհում ուներ լուրջ ազդեցություն։ Իսկ ներկայիս պուտինյան Ռուսաստանն այդպիսին չէ, ոչ էլ Նազարբաևի, Լուկաշենկոյի ու Հայաստանի հետ կազմած Եվրասիական տնտեսական միությունն է այդպիսին, որը Սովետական Միության հետ համեմատության եզր անգամ չունի:
ԱՄՆ-ՌԴ միջև «սառը պատերազմի» գործընթացը սկսվել է դեռ նախորդ նախագահի՝ Բարաք Օբամայի ժամանակ, ինչը նշանակում է, որ ՌԴ-ն քիչ ժամանակ ունի, լուրջ ռիսկերի առաջ կկանգնի՝ իշխանության փոփոխության, տնտեսական դաշտի փլուզման, դեֆոլտի և այլնի տեսքով, եթե ռադիկալ քայլեր չձեռնարկի: Սա է պատճառը, որ ՌԴ-ն փորձում է կոշտ պատասխան տալ տնտեսական պատժամիջոցներին:
Բացի այդ, Ռուսաստանը կանգնած է քաղաքական գերկարևոր խնդրի առաջ, ՌԴ-ում սպասվում են նախագահի ընտրություններ, իսկ Պուտինն ուզում է առաջադրվել, ուզում է լավ իմիջ ձևավորել։ Իսկ Հայաստանի համար, դժբախտաբար, Ռուսաստանում սպասվող ընտրությունները թիվ մեկ քաղաքական պրոցեսն են, որովհետև ակնհայտ է, որ Ռուսաստանի ցանկացած փոփոխություն փոփոխություններ է բերելու նաև Հայաստանում: Կարծում եմ, որ Հայաստանի քաղաքական դաշտը՝ թե՛ ընդդիմադիր, թե՛ իշխանական, պետք է պատրաստ լինի այս պրոցեսներին, մենք ամեն ինչ պետք է անենք, որ փլատակների տակ չմնանք: Իսկ հիմնական վտանգն այն համակարգն է, որի մեջ մենք գտնվում ու փլատակների տակ մնալը լուրջ վտանգներով է հղի:
- Ռուսաստանը միայնա՞կ փլուզվի, թե Եվրասիական տնտեսական միության ու դրա անդամ-պետությունների հետ միասին:
- Խնդիրն այնպես չէ դրված, որ միանշանակ փլուզվի կամ չփլուզվի: Ակնհայտ է, որ ԵԱՏՄ որդեգրած ճանապարհը, որտեղ գործող նախագահները վերարտադրվում են, կոռուպցիայի դեմ պայքարը իմիտացիոն բնույթի է, այդ համակարգն իր էությամբ հենված է կոռուպցիայի վրա, կոռուպցիա ծնող է, երկար ապրել չի կարող: ԵԱՏՄ հենքը Ռուսաստանն է, իսկ ՌԴ գործող իշխանությունները նոր բան հորինելուց վախենում են, որովհետև աչքի առաջ ունեն Գորբաչովի փորձը, ով մի քիչ ավել արեց ու Ռուսաստանը փլուզվեց, դրա համար թույլատրելիից այն կողմ չեն անցնում: Եթե չլինի հիմնական պետությունը, ում շուրջ ձևավորվել է ԵԱՏՄ-ն՝ Ռուսաստանը, այդ պետությունները այլ ճանապարհներով կգնան, որովհետև անգամ ՌԴ ներկայության պայմաններում Բելառուսը, Ղազախստանը անընդհատ ընդդիմանում են, միայն մենք ենք անհեթեթ խոնարհություն ցուցաբերում: Ռուսաստանի փլուզումը նշանակելու է նաև ԵԱՏՄ փլուզում:
- Հայաստանցի փորձագետներն ասում են, որ Հայաստանը մշտապես մանևրել է ԱՄՆ և ՌԴ միջև, իսկ ռուսաստանցի փորձագետն ասում են, որ երբևէ ռուս-ամերիկյան հարաբերություններն այսքան լարված չեն եղել: Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ Հայաստանի մանևրելու ճանապարհները փակվում են և մեզ մնում է ընտրություն կատարել ՌԴ ու ԱՄՆ միջև:
- Բավական բարդ հարց եք տալիս, դրան կոնկրետ պատասխանելու համար բազում տնտեսական, ռազմական, ռազմարդյունաբերական, քաղաքական ու քաղաքագիտական հիմնավորումներ պետք է բերել: Ես կարող եմ ասել, որ սա ռիսկային պահ է, գործընթացներ են տեղի ունենում ամեն օր, որոնք անկանխատեսելի են բոլորի համար՝ սկսած Թրամփի ընտրությունից, մինչև ՌԴ նկատմամբ նոր պատժամիջոցների կիրառումը:
Ես կարծում եմ, որ Հայաստանը պետք է ունենա հստակ ուղեգիծ, թե ինչ երկիր է ուզում լինել: Եթե մենք մնում ենք այն շրջապատում, որում Նազարբաևն է, Լուկաշենկոն, Պուտինը, մենք նմանվելու ենք այդ շրջապատին: Մեզանում էլ կոռուպցիայի դեմ պայքարը լինելու է այնպիսին, ինչպիսին այդ երկրներում, իշխանություններն ընտրվելու են այնպես, ինչպես այդ երկրներում, մենք նմանվելու ենք նրանց, ում շրջապատում մենք գտնվում ենք, ում հետ ընկերություն ենք անում: Իսկ սա մեր տեսակի, մեր պատկերացրած հայրենիքի տեսլականի, հայ մարդու երազանքների հետ չի համընկնում, մեզ ավելի հարազատ է եվրոպական մոդելի պետությունը, որտեղ ընտրությունները ժողովրդավարական են, տնտեսությունը մրցակցային է, չկան մոնոպոլիաներ: Եթե մենք եվրոպական ուղղությունը չենք վերցնում ու շարունակում ենք մնալ եվրասիական ուղղության մեջ, տնտեսական, քաղաքական որևէ փոփոխություն ունենալ չենք կարող:
Հայաստանում պիտի լինեն ուժեր, որոնք կասեն՝ հենց այսօր եվրոպական ուղղությունը որդեգրել է պետք, պիտի լինեն իմ նման ուժեր, որոնք կասեն, որ դա հաշվարկել է պետք, պիտի լինեն ուժեր, որոնք կասեն, թե պայմանագրեր ունենք, միանգամից դա կտրել չի կարելի… Այս բալանսի մեջ պետք է գտնվի իրականը: Ես կարծում եմ, որ Հայաստանը պետք է եվրասիական իր ընկերներին ասի, որ այս միությունից ոչ մենք ենք շահում, ոչ դուք, որ քաղաքական հարաբերությունները պետք չէ խառնել տնտեսական այս համագործակցության հետ: Այս տեսակետները բարձրաձայնել է պետք:
- Հիմա Ձեր կարծիքը ո՞րն է՝ մնալ ԵԱՏՄ կազմում, փորձել ներսից հեղաշրջո՞ւմ անել, առաջ տանել պետության շահերը, թե՞ դուրս գալ:
- Հարցերը շատ ուղղակի եք դնում: Ես ԵԱՏՄ թե՛ մտնելուն եմ դեմ, թե՛ այնտեղ մնալուն և 2003թ.-ին, եթե հիշում եք, մեր կուսակցության համագումարում ես հայտարարեցի, որ Ռուսաստանից մեր պորտալարը կտրել է պետք, իսկ շատ շատերն այդ ժամանակ վախենում էին Ռուսաստան բառն արտաբերել: Այնպես որ Ձեր հարցն իմ պարագայում ակնհայտ է: Խնդիրն այն է՝ ե՞րբ դնել այդ հարցը, այսօ՞ր, թե վաղը: Եթե ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցն այսօր ես դնում, ի՞նչ հնարավորություններ ունես հարցը լուծելու, եթե «Ելք» դաշինքը ենթադրենք այսօր բարձրացնի այդ հարցը, մեր 9 պատգամավորները քվեարկեցին ԵԱՏՄ դուրս գալու օգտին, մնացածն ակնհայտ է, չէ՞, որ կողմ չեն քվեարկելու. սրանից ի՞նչ է շահելու Հայաստանը, ի՞նչ է շահելու «Ելք» դաշինքը: Սա հաշվարկ է չէ՞, որը պետք է անի քաղաքական գործիչը:
Ենթադրենք, «Ելք» դաշինքը խնդիր է դնում աբխազական երկաթգիծը բացել, հանրությունը դուրս է գալիս փողոց ու Հայաստանի իշխանությունները սրա ֆոնին կարողանում են կռիվ տալ, երկաթգիծը բացվում է: Հիմա այսօր չեն գնա չէ՞ «կռվեն», արձակուրդում են, հարցը բարձրացնես, որ ի՞նչ: Ցանկացած հարց բարձրացնելու համար իր ժամանակը կա:
Վերջին 10 տարում չեք գտնի որևէ ելույթ, որտեղ իմ խոսքի տրամաբանության մեջ մի մոտեցում լինի, որ ԵԱՏՄ-ում մնալ է պետք, ու այնտեղ փոփոխություն անել է պետք. դա չեն կարող անել Ղազախստանն ու Բելառուսը, Հայաստանի իշխանությունները, ուր մնաց ընդդիմությունը, որը 9 քվե ունի: «Ելք» դաշինքի 3 կուսակցություններն էլ հստակ դեմ են արտահայտվել Հայաստանի անդամակցությանը ԵԱՏՄ-ին, սա փաստ է։ Ակնհայտ է, որ 3 կուսակցություններն էլ եվրոպական մոդելի պետություն ստեղծելու կողմնակից են, մենք գնում ենք այդ ճանապարհով, իսկ թե ինչը, որտեղից, երբ դուրս կգանք, մենք քննարկում ենք:
Խնդիրն իրատեսության, քայլերը ճիշտ ժամանակին անելու մեջ է, դա միայն քաղաքական խնդիր չէ, որ ասեն՝ այ տեսեք, թե ինչ ուժեղ տղա էր Արամը, ասաց՝ ԵԱՏՄ-ից վաղն էլ դուրս ենք գալու: Պետք է հաշվի առնել յուրաքանչյուր քաղաքացու շահն ու օգուտը, որ վնասներ չկրենք, օգուտներ ունենանք: Ես մեր քաղաքական դաշտում մարդիկ եմ տեսնում, ովքեր ներկայանում են արևմտյան արժեքներ կրողներ, բայց արևմտյան արժեքների պոպուլիզմով են զբաղվում:
- «Ելք» դաշինքը հնչեցրեց առաջարկ՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ: Փաստորեն, Դուք կարծում եք, որ այդ պահը հասունացել է, այո՞:
- ԱԺ-ում առաջին հարցը, որը ես հնչեցրել եմ, Խոսրով Հարությունյանին էր ուղղված և վերաբերում էր ԵԱՏՄ-ին։ Ես փորձեցի հիմնավորել, որ ԵԱՏՄ շրջանակներում Հայաստանը չի կարող տնտեսական, քաղաքական աճ ունենալ ու որպես օրինակ բերել եմ Վրաստանը: Վերջերս ես լուսանկարներ տեսա, մի քանի նկար Աբխազիայի Սուխումի քաղաքից, մի քանի նկար էլ Աջարիայի Բաթումի քաղաքից ու տարբերությունը հստակ էր: Մեկը հին, սովետական (նկատի ունի Սուխումին,- հեղինակ), ՌԴ կազմում գտնվող քաղաք է, որտեղ մարդիկ ռուսական անձնագրեր ունեն, իսկ Բաթումին՝ դեպի Եվրոպա գնացող, ՌԴ-ից պոկված քաղաք է, նոր ժամանակների քաղաք է: Հայաստանում այսօր սպասարկողներ կան, ովքեր շատ ավելի լավ սպասարկում են ապահովում, քան Բաթումիում, բայց մի քանի անգամ ավել թանկ են, որովհետև համակարգն է ուրիշ, խնդիրը սպասարկողը չէ, պարզապես համակարգն է անկայուն:
- Պատրա՞ստ են Հայաստանի իշխանությունները դուրս գալ ԵԱՏՄ-ից:
- Հայաստանի իշխանությունները փաստարկ են բերում, թե մենք պատերազմող երկիր ենք, մտանք ԵԱՏՄ, որովհետև Ղարաբաղի հարց ունենք, անվտանգության հարց ունենք: Ասում են, թե ԵԱՏՄ կազմում լինելով՝ մենք ունենք նույն զենքերը, ինչ Ադրբեջանը, որի դիմաց նրանք 4 միլիարդ փող են տվել, մի բան էլ ավել: Բայց այս իշխանությունները մոռանում են ասել, որ մենք Ռուսաստանին բազային պայմանագիր ենք տվել, այդ բազան անվճար ենք տվել, մի հատ էլ այդ բազային կերակրում ենք. թող տային գումարով, այդ գումարը ստանայինք, նրանցից էլ զենք գնեինք, ես էլ որպես ընդդիմություն վերահսկեի՝ այդ գումարը ճի՞շտ է ծախսվել, թե ոչ: Քեզ շատ սիրելո՞վ են տվել, դու էլ անընդհատ պիտի նախագա՞հ մնաս, հա՞: Ա՞յս ենթատեքստն են տանում:
Իշխանությունները հասկանում են, բայց վախենում են դուրս գալ այդ համակարգից, նրանց միջի բավական խելոք մարդիկ հասկանում են, որ այսպես շարունակել չի լինի, որ դրա փլուզումից հետո նզովք է լինելու, բայց փոփոխությունից վախենում են, որովհետև հանրային ընկալման մեջ տեսակետ է ձևավորվել, որ մեղավորը նաև իրենք են, այդ ՀՀԿ-ականներն են, որովհետև գովաբանել են ԵԱՏՄ-ն, վախենում են, որ Լինչի դատաստանի, անեծքների, սպանության կոչերի վերածվի: Շատ բնական է, որ վախենում են:
Մանրամասները՝ տեսանյութում:










