Google-ի ղեկավարը չեղարկել է աշխատակիցների ժողովը՝ անվտանգության սպառնալիքի պատճառով
Ամերիկյան Google ընկերության գլխավոր տնօրեն Սունդար Պիչաին չեղարկել է աշխատակիցների ժողովը հանդիպումից երկու ժամ առաջ՝ ընկերության որոշ աշխատակիցների անձնական անվտանգության սպառնալիքի պատճառով, հայտնում Recode-ը:
Ենթադրվում էր, որ հանդիպմանը քննարկվելու են սոցիալ-մշակութային տարբերությունների և խոսքի ազատության հարցերը, որոնք առաջացել են ընկերությունից Ջեյմս Դամորի հեռացումից հետո: Ինժեները հեռացվել էր, երբ հրապարակել էր գրություն, որում նշել էր, որ կանայք ավելի քիչ ունակ են տեխնիկական ոլորտում աշխատանքին՝ «կենսաբանական տարբերությունների»՝ մասնավորապես «նևրոտիզմի» պատճառով: Այլ խոսքերով՝ կանայք չեն կարող հաղթահարել սթրեսային իրավիճակները և ուժեղ ճնշումը:
Պիչային հեռացրել էր Դամորին Google-ի վարքականոնները խախտելու համար՝ անձնակազմին ուղարկված նամակում նշելով, որ «վիրավորական է և անընդունելի ասել, որ մեր գործընկերների մի մասն ունի հատկանիշներ, որոնք նրանց կենսաբանորեն ավելի քիչ համապատասխան են դարձնում այդ աշխատանքի համար»:
Դամորի դեպքն աջ հայացքների կողմնակիցների քննադատությունն է առաջացրել:
Պիչաին հայտարարել է, որ Google-ի մի շարք աշխատակիցների ազգանունները հայտնվել են համացանցում՝ նրանց անվտանգության համար մտահոգություններ առաջացնելով:
Գլխավոր տնօրենը հավելել է, որ Google-ը մոտ օրերս կկազմակերպի այդ թեմայով հանդիպումներ, որպեսզի հնարավորություն տա դրանց մասնակիցներին ազատ արտահայտվել՝ չվախենալով իրենց անվտանգության համար:










