HBO-ն իր համակարգը կոտրած հաքերներին 250.000 դոլար է առաջարկել որպես «պարգևավճար»

17:27 • 11.08.17

HBO-ի համակարգերի վրա վերջերս հարձակում գործած և այդ թվում «Գահերի խաղը» հեռուստասերիալին առնչվող տվյալներ գողացած հաքերներն էլեկտրոնային նամակ են հրապարակել, որում ամերիկյան մալուխային հեռուստատեսային ցանցը նրանց 250.000 դոլար է առաջարկել որպես «պարգևավճար»: Այդ մասին հայտնել է Variety ամսագիրը:


HBO-ն առաջարկել է գումարը ծրագրի շրջանակներում, որտեղ մասնագետները պարգևատրվում են կիբեռանվտանգության թերություններ հայտնաբերելու համար:


Մալուխային հեռուստատեսային ցանցի հետաքննությանը մոտ աղբյուրի խոսքով՝ նամակը թույլ էր տալիս ընկերությանը որոշ ժամանակ շահել, մինչ այն կգնահատեր իրավիճակը:


HBO-ն նաև խնդրել է հաքերներին երկարաձգել իրենց պահանջած «փրկագնի» վճարման ժամկետը մեկ շաբաթով:


Այս շաբաթ ավելի վաղ հաղորդվել է, որ հաքերները համացանցում հրապարակել են HBO-ից գողացված որոշ նյութեր՝ պահանջելով բիթքոինով «փրկագին»՝ հետագա հրապարակումները կանխելու համար: HBO մալուխային հեռուստաալիքի ցանցը կոտրած հաքերները համացանցում հրապարակել են «Գահերի խաղը» հեռուստասերիալի նոր եթերաշրջանի հինգերորդ սերիայի սցենարը և ղեկավարներից մեկի անձնական նամակագրությունը:

 

HBO-ն իր համակարգը կոտրած հաքերներին 250.000 դոլար է առաջարկել որպես «պարգևավճար»