Վանում պեղումների ընթացքում ուրարտական շրջանի նոր սրբավայր է հայտնաբերվել (լուսանկար)

17:35 • 11.08.17

Այժմյան Թուրքիայի տարածքում գտնվող Վան նահանգում թուրք հնագետները հերթական պեղումների ժամանակ հայտնաբերել են ուրարտական շրջանի հետաքրքիր մի սրբավայր, որը գտնվում է Վանի բերդից ոչ հեռու, այս մասին հայտնում է թուրքական arkeolojihaber.net կայքը:

Թուրք հնագետ, դոցենտ Էրքան Քոնյարը լրատվամիջոցների հետ զրույցում հայտնել է, որ գտնված սրբավայրը բավականին մեծ տարածք է ներառում, «գտածոն» անակնկալ է եղել ամբողջ գիտահետազոտական խմբի համար:

Ըստ թուրք գիտնականի՝ սրբավայրի տարածքը կարևոր ու ավելի լայն տեղեկություններ է տալիս Ուրարտուի թագավորության ժողովրդի կրոնական պատկանելիության ու ծեսերի մասին, որոնք մինչ այդ իրենց համար անհայտ էին մնում:

Ամիսներ առաջ էլ Վանի նահանգում հնագետները 2.800 տարվա ցորենի սերմ են գտել: Սերմերը հայտնաբերվել են Վան քաղաքից 25 կմ հեռավորության վրա՝ ուրարտական Սարդուրի Երկրորդ արքայի ենթադրյալ ամրոցի պարիսպների մոտակայքում:

 




Վանում պեղումների ընթացքում ուրարտական շրջանի նոր սրբավայր է հայտնաբերվել (լուսանկար)