Facebook-ն առևտրային հարթակ է գործարկել Եվրոպայի 17 երկրում

12:38 • 15.08.17

Facebook-ը Եվրոպայի 17 երկրում Marketplace առևտրային հարթակն է գործարկել, որտեղ օգտատերերը կկարողանան վաճառել և գնել ապրանքներ: Այդ մասին հայտնել է ընկերությունը։


«Այսօր մենք գործարկում ենք Marketplace-ը Եվրոպայի 17 երկրում՝ բազմաթիվ մարդկանց հնարավորություն ընձեռելով փնտրել, գնել և վաճառել ապրանքներ Facebook-ում իրենց տեղական համայնքներում»,- ասված է Facebook-ի մամուլի հաղորդագրությունում:


Ծառայությունը գործարկվել է Գերմանիայում, Ֆրանսիայում, Իսպանիայում, Իտալիայում, Շվեյցարիայում, Իռլանդիայում, Չեխիայում, Դանիայում, Ֆինլանդիայում և այլ երկրներում:


Marketplace ծառայությունն աշխատում է Facebook-ի խմբերի նմանությամբ՝ օգտատերերին հնարավորություն տրամադրելով իրերի վաճառքի մասին հայտարարություններ հրապարակել: Ծառայության առավելությունը գնումից առաջ ապրանքը վաճառողի անձնական էջը նայելու հնարավորությունն է:


«Մարդիկ վաճառում են տարբեր իրեր՝ հագուստից մինչև էլեկտրական սարքեր կամ անգամ մեքենաներ և անշարժ գույք: Մարդիկ վաճառում են նոր և օգտագործած ապրանքներ: Ծառայությունը հնարավորություն է տալիս կապվել վաճառողի հետ և նայել ապրանքը գնումից առաջ»,- հայտնում է ընկերությունը:


Մինչ այժմ Marketplace-ը հասանելի էր յոթ երկրում՝ ԱՄՆ-ում, Ավստրալիայում, Կանադայում, Չիլիում, Մեքսիկայում, Նոր Զելանդիայում և Մեծ Բրիտանիայում:

 

Facebook-ն առևտրային հարթակ է գործարկել Եվրոպայի 17 երկրում