4.6 մլրդ դոլար. Բիլ Գեյթսն արել է 2000թ. ի վեր խոշորագույն նվիրատվությունը

09:54 • 15.08.17

Հեղինակավոր Forbes հանդեսի վարկածով աշխարհի ամենահարուստ մարդը համարվող Բիլ Գեյթսն արել է վերջին 17 տարվա ընթացքում ամենամեծ նվիրատվությունը:

Ինչպես նշում է Bloomberg-ը՝ հիմնվելով նոր հրապարակված փաստաթղթերի վրա, 61-ամյա գործարարը նվիրատվություն է արել իր իսկ հիմնած Microsoft տեխնոլոգիական ընկերության 64 մլն հատ արժեթուղթ, որոնց արժեքը 4.6 մլրդ դոլար է:

Աղբյուրը մանրամասնում է, որ բարեգործությունն արվել է հունիսի 6-ին, սակայն ահռելի գումարը ստացողի ինքնությունն անհայտ է:

Bloomberg-ը նշում է, որ բարեգործությունների մեծ մասը Գեյթսն անում է Bill & Melinda Gates Foundation հիմնադրամի միջոցով:

Մոլորակի ամենահարուստ բնակիչը 1999թ. Microsoft ընկերության 16մլրդ դոլար արժողությամբ արժեթղթեր է տրամադրել բարեգործական նպատակներով, իսկ դրանից մեկ տարի անց նվիրաբերել է 5.1 մլրդ դոլարի արժեթուղթ: Ընդհանուր առմամբ՝ Բիլ և Մելինդա Գեյթսերը 1994թ. ի վեր 35 մլրդ դոլարի բարեգործություն են արել:

Գեյթսի կարողությունը գնահատվում է 86.1 մլրդ դոլար: