iPhone 7-ը շարունակում է մնալ աշխարհում ամենաշատ վաճառված սմարթֆոնը
Ամերիկյան Apple ընկերության iPhone 7 և 7 Plus սմարթֆոնները 2017 թվականի երկրորդ եռամսյակի արդյունքներով դարձել են աշխարհում ամենաշատ վաճառված սմարթֆոնները: Այդ մասին ասված է Strategy Analytics-ի հետազոտությունում:
Փորձագետների տվյալներով՝ ապրիլից հունիս ընկած ժամանակահատվածում առաքվել է 16,9 միլիոն հատ iPhone 7 և 15,1 միլիոն հատ 7 Plus: Նշվում է, որ iPhone 7-ն ամենապոպուլյար մոդելն է մնում Apple սմարթֆոնների ամբողջ պատմության ընթացքում:
iPhone-ին հետևում են Samsung Galaxy S8-ը և S8+ը, որը վաճառվել է, համապատասխանաբար, 10,2 միլիոն և 9 միլիոն քանակությամբ: Հնգյակը եզրափակում է Xiaomi Redmi 4A-ն՝ վաճառված 5,5 միլիոն նմուշով:
«Galaxy S8-ը կտրուկ դարձավ աշխարհում ամենապոպուլյար Android-սմարթֆոնը՝ ճկվող էկրանով գրավիչ դիզայնի, ինչպես նաև հարուստ ծրագրերի և տասնյակ երկրներում մանրածախ ցանցի շնորհիվ»,- հայտարարել է Strategy Analytics-ի գործադիր տնօրեն Նիլ Մոուսթոնը:










