Դանիայում հնագետները վիկինգների հազարամյա ամրոց են հայտնաբերել (լուսանկարներ)

16:02 • 17.08.17

Դանիացի հնագետները վիկինգների ամրոց են հայտնաբերել, որը կառուցվել է 10-րդ դարի վերջին: Ամրոցի արտասովոր առաջադեմ ճարտարապետությունը վկայում է այն մասին, որ նորմանները պարզունակ ավազակներ և ծովահեններ չեն եղել: Այս մասին ասվում է Antiquity ամսագրում հրապարակված հոդվածում:

«Այս ամրոցի հայտնաբերումն իրական դետեկտիվ էր մեզ համար: Ես բավական վաղուց եմ ուսումնասիրում այս շրջանաձև ամրոցները, և եկել եմ եզրակացության, որ մեզ հայտնի ամրոցները չափազանց անտրամաբանական ձևով են տեղակայված. դրանց արանքում մեծ «անցքեր» կան, որտեղ տեսականորեն պետք է ուրիշ ամրություններ տեղակայված լինեն», - Science ամսագրին պատմել է դանիական Օրհուսի համալսարանի հնագետ Սորեն Սինդբեկը:

Նրա խոսքով՝ ընդհանուր առմամբ հնագետները նման հինգ ամրոց են հայտնաբերել Դանիայի տարբեր շրջաններում և Շվեդիայի հարավում, որոնց ուսումնասիրությունը ցույց է տվել, որ վիկինգները կարողացել են ոչ միայն պատերազմել, այլ նաև կառուցել:

Գիտնականները մինչ օրս ընդհանուր հայտարարի չեն եկել՝ ինչ նպատակներով են նրանք կառուցել այս ամրոցները, քանի որ կառուցման հստակ ժամկետը դեռևս հայտնի չէ:

Սինդբեկը և նրա գործընկերները բացահայտել են մեկ այլ նման ամրոցի գոյության հետքեր Զելանդիա կղզում, որի հետքերը, հնագետի խոսքով, վերջին հազարամյակի ընթացքում Սկանդինավիայի ավազակների հետնորդները համարյա ամբողջությամբ ոչնչացրել են գութանների և այլ գյուղատնտեսական գործիքների միջոցով:

Հնագետը պատմել է, որ ենթադրաբար Հարալդ Կապույտատամի՝ Դանիայի առաջին քրիստոնյա թագավորի կառուցած ամրոցների «ռազմավարական» տեղակայումը վաղուց հուզել է իրեն. ամրոցների մի մասն ուղղակի բացակայել է այն «բացահայտ» վայրերում, որտեղ պետք է նման շրջանաձև ամրոցներ գտնվեին:

 


 

 

Դանիայում հնագետները վիկինգների հազարամյա ամրոց են հայտնաբերել (լուսանկարներ)