Իլոն Մասկը և արհեստական ինտելեկտի տեխնոլոգիաների ոլորտի այլ ներկայացուցիչներ ՄԱԿ-ին կոչ են արել արգելել «ռոբոտ-մարդասպանների» ստեղծումը

16:01 • 21.08.17

Ռոբոտատեխնիկայի և արհեստական ինտելեկտի տեխնոլոգիաների ոլորտի ավելի քան 100 փորձագետ, այդ թվում՝ Tesla Motors-ի և SpaceX-ի ղեկավար Իլոն Մասկը, ՄԱԿ-ին նամակ է հղել՝ կոչ անելով անհապաղ զբաղվել մահաբեր զենքի ինքնավար համակարգերի՝ «ռոբոտ-մարդասպանների» խնդրի լուծմամբ և արգելել դրանք միջազգային մակարդակով, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


Նամակի գլխավոր կազմակերպիչ է հանդես եկել Նոր Հարավային Ուելսի համալսարանի պրոֆեսոր Թոբի Ուոլշը: Նամակը ստորագրել են 26 երկրներից մոտ 100 ընկերությունների հիմնադիրներ և գլխավոր տնօրեններ:


«Լինելով արհեստական ինտելեկտի և ռոբոտատեխնիկայի ոլորտներում տեխնոլոգիաներ ստեղծող ընկերություններ, որոնք կարող են հարմարեցվել զենքի ինքնավար համակարգերի ստեղծման համար, մենք մեզ պատասխանատու ենք զգում հնչեցնել այդ ահազանգը»,- ասված է Future of Life Institute ոչ առևտրային կազմակերպության կայքում հրապարակված նամակում:


«Մահաբեր գործողության զենքի ինքնավար համակարգերը սպառնում են դառնալ երրորդ հեղափոխությունը ռազմական գործողություններ վարելու ընթացքում: Հենց դրանք ստեղծվեն, դրանք թույլ կտան զինված հակամարտություններ վարել շատ ավելի լայն մասշտաբներով, քան երբևիցե, և շատ ավելի արագ ժամկետներում, քան մարդիկ կարող են պատկերացնել»,- ասված է նամակում:


Նամակում կոչ է արվում ՄԱԿ-ին «ճանապարհ գտնել բոլորին այդ սպառնալիքներից պաշտպանելու համար»:


Նշվում է, որ դա կարող է ահաբեկության զենք լինել, որը կօգտագործեն ծայրահեղականներն անմեղ մարդկանց նկատմամբ: Ինչպես նշում են փորձագետները, «Պանդորայի այդ արկղը բացելուց հետո այն արդեն դժվար կլինի փակել»: