Իրանը բանակցություններ է վարում Twitter-ն արգելափակումից հանելու շուրջ. լրատվամիջոցներ
Իրանի կապի և զանգվածային հաղորդակցության նոր նախարար Մոհամադ Ջավադ Ազարի Ջախրոմին հայտնել է, որ երկրի իշխանությունները բանակցություններ են վարում Twitter սոցցանցի հետ այն Իրանում արգելափակումից հանելու վերաբերյալ: Այս մասին հայտնում է France Presse գործակալությունը:
«Twitter-ը հայտնել է, որ պատրաստ է բանակցություններ վարել խնդիրը լուծելու համար: Հաշվի առնելով ներկա իրավիճակը՝ այս բանակցությունների և համագործակցության հիմքեր կան: Twitter-ն անբարոյական միջավայր չէ, որը պետք է արգելափակվի», - ասել է նախարարը:
Ջախրոմիի խոսքով՝ Twitter-ն արգելափակումից հանելու վերջնական որոշումը կընդունվի Կիբեռտարածքի հարցերով գերագույն խորհրդի հետ մեկտեղ։
Իրանի իշխանությունները սկսել են արգելափակել սոցցանցերի հասանելիությունը 2009 թվականին, երբ հերթական նախագահական ընտրություններից հետո զանգվածային անկարգություններ են սկսվել: Իշխանությունների կարծիքով՝ ընդդիմադիրներն օգտագործել են սոցցանցերը բողոքի ակցիաներ կազմակերպելու համար:
Հայտնի է, որ Իրանում արգելափակված են Facebook, Twitter և YouTube սոցցանցերը, սակայն օգտատերերը դրանցից օգտվելու այլընտրանքային միջոցներ են գտնում: Հատկանշական է, որ Instagram-ը հասանելի է և մեծ ժողովրդականություն է վայելում երկրում:










