Ճապոնիայում «բուդդիստ» ռոբոտները ծիսական ծառայություններ են առաջարկում քահանաներից մատչելի գնով (լուսանկարներ)

12:52 • 22.08.17

Վերջերս ռոբոտներն աշխատաշուկայում փոխարինում են մարդկանց. նրանք իրականացնում են ամենատարբեր պարտականություններ: Թվում էր, թե նրանց գործառույթները կսահմանափակվեն մեխանիկական աշխատանքով, սակայն գնալով պարզ է դառնում, որ ռոբոտները կարող են լինել ոչ միայն հավաքարարներ, պահակներ կամ բանվորներ, այլ նաև մանկավարժներ և խորհրդատուներ:

Այսպես, Ճապոնիայում «բուդդիստ ռոբոտների» շարք է թողարկվել, որի շնորհիվ ծիսական ծառայություններն առաջարկվում են քահանաներից մատչելի գնով:

Big Picture-ը գրում է, որ Pepper անվանումով ռոբոտ-հումանոիդը հայտնվել է շուկայում երկու տարի առաջ և մի քանի աշխատատեղ զբաղեցրել: Pepper-ը, որը գովազդվում է որպես մարդկային հույզերը կարդալու ունակություն ունեցող առաջին ռոբոտը, գործածվում է բանկերում, սուշի խանութներում և ծերանոցներում: Այն աշխատում է որպես ադմինիստրատոր և մարդկանց հետ զրուցելու կամ տեղեկություններ տրամադրելու ժամանակ տարբերակում այցելուներին դեմքի ճանաչման ծրագրային ապահովման միջոցով:

Նշվում է, որ վերջերս Pepper-ի ստեղծողներն այլ աշխատանք են գտել նրա համար. մեքենան կարող է բուդդիստ քահանա լինել այն հաճախորդների համար, որոնք ցանկանում են կրճատել հուղարկավորության արարողության համար պահանջվող ծախսերը:

Ճապոնական ընկերություններից մեկը, որը 2000 թվականից զբաղվում է սգո ծառայությունների բիզնեսով, վերջերս նոր արշավ է սկսել՝ հաճախորդներին տրամադրելով ռոբոտ, որը քահանայի փոխարեն մանտրաներ է երգում և սուտրաներ արտասանում:

Հատկանշական է, որ ռոբոտի ծառայությունն ավելի մատչելի է, քան քահանայի ծառայությունը. այն արժե 460 դոլար:

 

 

 

 

Ճապոնիայում «բուդդիստ» ռոբոտները ծիսական ծառայություններ են առաջարկում քահանաներից մատչելի գնով (լուսանկարներ)