Apple-ի և Սթիվ Ջոբսի մասին տեսանյութերը «փրկվել» են YouTube-ի «մաքրումներից»

15:29 • 23.08.17

ԱՄՆ-ի բնակիչ Սեմ Հենրին մի քանի ամիս աշխատել և արխիվ է ստեղծել՝ հավաքելով Apple ընկերության մասին ավելի վաղ անհայտ և հազվադեպ տեսանյութեր: Հենրին արխիվը հավաքել է, երբ YouTube-ը փակել է նման տեսանյութեր պարունակող ալիքը: Այս մասին հայտնում է Motherboard-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ Apple-ի 15-ամյա երկրպագուն ընդհանուր առմամբ հավաքել է 810 տեսահոլովակ՝ ներառելով գովազդ, ելույթներ, շնորհանդեսներ և Apple-ի աշխատակիցների կյանքի զվարճալի պահերը, այդ թվում՝ ընկերության հիմնադիր Սթիվ Ջոբսի մասնակցությամբ հատվածներ: Ամենահին տեսահոլովակները թվագրվում են 1980 թվականին:

Երիտասարդը գրառում է տեսել Reddit-ում, որում Every Apple Video ալիքի ստեղծողը պատմել է YouTube-ի ադմինիստրացիայի՝ ամբողջ պահպանված պարունակությունը հեռացնելու որոշման մասին, ինչի պատճառը հեղինակային իրավունքների հետ կապված խնդիրներն են:

Այդ ժամանակ Հենրին սկսել է հավաքել ընկերության հետ կապված ամենաարժեքավոր տեսահոլովակների սեփական արխիվը՝ օգտագործելով archive.org, YouTube կայքերը և Apple-ի կայքի արխիվացված տարբերակները: Նա օգնության համար դիմել է նաև Reddit-ի այլ օգտատերերին:

Նշվում է, որ գտնված տեսահոլովակները հրապարակվել են նոր YouTube-ալիքում, սակայն «մաքրողներն» արագ հայտնաբերել և արգելափակել են նաև այս ալիքը: Դրանից հետո Հենրին այլ օգտատերերի հետ արխիվ է ստեղծել առանձին սերվերում:

Apple-ի և Սթիվ Ջոբսի մասին տեսանյութերը «փրկվել» են YouTube-ի «մաքրումներից»