ԱՄՆ-ում իրականացվել են դեպի Լուսին ու Մարս թռչելու համար նախատեսված Orion արբանյակի առանցքային փորձարկումները
Ամերիկյան Lockheed Martin ընկերությունն ու ԱՄՆ ազգային ավիատիեզերական գործակալությունը՝ ՆԱՍԱ-ն, իրականացրել են տիեզերագնացներին Լուսին ու Մարս տեղափոխելու համար նախատեսված Orion արբանյակի առանցքային փորձարկումները:
Ինչպես նշում է lenta.ru-ն, մասնագետները ստուգել են բազմակի օգտագործման համար նախատեսված արբանյակի գլխավոր էլեկտրոնային համակարգերի աշխատունակությունը: Ընդհանուր առմամբ, փորձարկվել է 55 բաղադրիչ:
Orion-ը բաղկացած է 2 մոդուլից, որոնցից մեկը ստեղծել են ամերիկացի, իսկ մյուսը՝ եվրոպացի մասնագետները: Դիզայնի առումով Orion-ը նման է 1970-ական թվականներին Միացյալ Նահանգների կողմից օգտագործված Mercury և Apollo արբանյակներին, սակայն ի տարբերություն դրանց ավելի մեծ է ու հզոր: Կոնաձև Orion-ի քաշը գերազանցում է 20 տոննան, դրա բարձրությունն ավելի քան 3 մ է, տրամագիծը՝ մոտ 5մ:
Orion-ը նախատեսված է առավելագույնը 6 տիեզերագնացի տեղափոխման համար: Արբանյակը ստեղծվում է Lockheed Martin ընկերության կողմից՝ ՆԱՍԱ-ի պատվերով: Դրա ստեղծման վրա ծախսվել է մոտ 14 մլրդ դոլար:
Orion-ի առաջին թռիչքը կայացել է 2014թ. դեկտեմբերի 5-ին: Այն Երկրի մակերևույթից հեռացել է 5.800 կմ-ով: Արբանյակի՝ ինքնավար ռեժիմով 2-րդ փորձարկումը կկայանա 2019թ.: Այժ ժամանակ սարքը պետք է թռչի Լուսնի շուրջ: Ինչ վերաբերում է անձնակազմով առաջին թռիչքին, ապա այն կկայանա 2021թ., մինչդեռ դեպի Մարս պատմական թռիչքը ծրագրված է 2030-ական թվականներին:










