Տարին կավարտվի, կտեսնենք՝ կառավարությունը իրագործել է 800 միլիոն ներդրում կատարելու խոստումը, թե ոչ. Խոսրով Հարությունյան

19:09 • 07.10.17

Հանրության կողմից տնօրինվող գումարները մեծացել են: Tert.am- ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը՝ պատասխանելով ընդդիմախոսների կարծիքներին, որ  հանրությունն իր վրա չի զգում բոլոր այն բարեփոխումները, որոնք, ըստ իշխանության`վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարությունը գրանցել է:

 

«Իսկ որոնք են այն պարամետրները, որոնցով մեր ընդդիմախոսները գտնում են, որ իրավիճակը չի լավացել: Եկեք խոսենք փաստերով: Մենք ունենք ներմուծումների 24-25 տոկոս աճ: Եթե չունենանք վճարունակ պահանջարկ՝ ներմուծումը կկատարվի՞, իհարկե ոչ: Ուրեմն կա վճարունակ պահանջարկ, որը խթանում է ներմուծումների աճը: Մենք ունենք 21-22 տոկոս արտահանման ծավալների աճ, իսկ դա ի՞նչ է նշանակում, նշանակում է, որ դրսից գումար է գալիս Հայաստան, որը վերաբաշխվում է հանրության շրջանում, հանրության տնօրինող գումարները վերաբաշխվում են»,- ասաց Խոսրով Հարությունյանը:

 

Ըստ պատգամավորի՝ մեծացել է նաև գյուղատնտեսական ապրանքների արտահանումը, ինչը նշանակում է, որ դրսում վաճառվող ապրանքի գումարը ևս գալիս է գյուղացիական տնտեսություններին:

 

«Իսկ կարո՞ղ են իմ ընդդիմախոսներն ասել՝ երբևէ գյուղացիական տնտեսություններն այսչափ մատչելի վարկային ռեսուրսներ ունեցե՞լ են, 2 տոկոս է, նման բան չի եղել: Կարո՞ղ են ասել՝ գյուղատնտեսության ոլորտում ներդրումներ կատարելու համար եղե՞լ են, չեն եղել, սարքավորումները, հումքը հիմա ավելացված արժեքի հարկով չեն հարկվում, իսկ սա չի՞ նշանակում, որ նրանք հավելյալ շրջանառություն ունեն, եթե ԱԱՀ-ն չեն տալիս: Սրանք նպաստավոր պայմաններ են ներդրումների խրախուսման համար»,- ավելացրեց տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահը:

 

Խոսրով Հարությունյանը հարց տվեց՝ իսկ ժողովրդի վիճակը վատանո՞ւմ է և պատասխանեց, որ ոչ, չի վատանում՝ լավանում է: Պատգամավորը հորդորեց քննադատելուց թվերով խոսել:

 

Դիտարկմանը, թե ընդդիմությունը թվեր ներկայացնում է, ասում է, որ Կարեն Կարապետյանը խոստացավ այս տարի 800 միլիոնի ներդրում կատարել Հայաստանում, բայց չհաջողեց, Խոսրով Հարությունյանն այսպես արձագանքեց. «Еще не вечер: Եթե խոսում եք այս տարվա մասին, տարին դեռ չի ավարտվել: Ի՞նչ է նշանակում 800 միլիոնի ներդրում: Դա նշանակում է, որ կլինեն ներդրումային ծրագրեր, որոնք կմեկնարկեն այս տարի, դա չի նշանակում, որ 800 միլիոնը կիրացվի այս տարի: Խոսքը ներդրումային պոտենցիալի մասին է»:

 

Խոսրով Հարությունյանն ասաց, որ տարին ամփոփելու համար դեռ մի քանի ամիս կա, և Կառավարությունը հաշվետվություն կներկայացնի իրականացրած կամ չիրականացրած քայլերի համար: Նա նշեց, որ եթե անգամ կառավարությունը 800 միլիոնի փոխարեն կատարած լինի 600 միլիոնը, ի՞նչ է՝ «ասելու ենք վայ, էս ինչ վատ է աշխատում կառավարությունը, չէ, կասեն՝ ափսոս, 800 միլիոն լիներ, ավելի լավ կլիներ»: