Թուրքիան իր ռեսուրսներով չի կարող ԱՄՆ-ի դեմ դուրս գալ. Ստյոպա Սաֆարյանը` Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումների մասին

19:59 • 09.10.17

Թուրքիան իրեն դրել է «իր երազած տղայի տեղը», բայց իր ռեսուրսներով չի կարող ուղղակի դեմ դուրս գալ ԱՄՆ-ին:Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը, անդրադառնալով  ԱՄՆ-ի և Թուրքիայի  կողմից  փոխադարձաբար այցագրերի դադարեցմանը:
 
«Ես կարծում եմ, որ թուրք-ամերիկյան հարաբերությունների վատթարացումն ամենևին նոր երևույթ չէ և այս կտրվածքով պատճառները մի քանիսն են՝ սկսած Սիրիական ճգնաժամից, ավարտած Ռուսաստանի և Թուրքիայի սիրախաղից, որը տևական պրոցես է: Ակնհայտ է, որ Մերձավոր Արևելքի հիմնական դերակատարները, կարծես թե, շրջվում են դեպի Ռուսաստան` ընդունելով նրա գերակա դիրքը, որպես տարածաշրջանային ուժ մերձավորարևելյան զարգացումներում»,-ասաց Ստյոպա Սաֆարյանը:

Քաղաքագետը մեջբերեց նաև Քրդստանի խնդիրը: Նրա խոսքով՝ հանրաքվեի հետ կապված   ԱՄՆ-ն պաշտոնապես դիրքորոշում է  հայտնել, չի դատապարտել, սակայն չի ճանաչել  հանրաքվեն, սակայն ԱՄՆ-ում քաղաքական շրջանակները կոչ են անում զորակցել քրդերին:

«Ակնհայտ էր, որ այդ հարաբերություններն ավելի են լարվելու, որովհետև ԱՄՆ-ն չի հրաժարվելու «Իսլամական պետության» դեմ պայքարի իր թիվ մեկ գործընկերներից և նաև, բնականաբար չի թույլատրելու Թուրքիային անել այն, ինչը նա կցանկանա  անել, մանավանդ այն բանից հետո, երբ Էրդողանն ու իր ենթակաները խոսել էին Քրդստանի հանրաքվեն կազմակերպած անձանց դեմ պատժիչ գործողություների իրականացման մասին»:

Քաղաքագետի խոսքով՝ վերջին օրերին ևս զարգացումներ են եղել, որոնք ոչ պակաս կարևոր են.« Էրդողանը հայտարարեց, որ ինչ-ինչ ուժեր ուզում են Թուրքիայի հարավ-արևմտյան սահմանագծից մինչև հարավ-արևելյան սահմանագիծ վերաձևակերպել տարածաշրջանի քարտեզը: Միգուցե այս կերպ ակնարկում էր Իսրայելին, որը շատ ավելի բաց էր աջակցում քրդական անջատողականությանը, այլ նաև ակնարկում էր ԱՄՆ-ին:Այս կտրվածքով ռուսական դեսկալացիոն մեխանիզմներով Թուրքիայի առավել ներգրավվածությունը, նաև Սիրիայի հյուսիսում ռազմական գործողություններ իրականացնելու համար ստացած թույլտվությունը,  ինչն անում է այս օրերին, գալիս են ապացուցելու, որ Թուրքիան բացառապես  խաղում է ռուսական սցենարի շրջանակներում: Հետևաբար, ԱՄՆ-ն չի կարող դա հանդուրժել, քանի որ Թուրքիան ավանդաբար համարվել է նրանց դաշնակիցը տարածաշրջանում և ՆԱՏՕ-ում»:

Քաղաքագետի խոսքով՝ լարվածությունը սրանով չի ավարտվի, սկսած դիվանագիտական պատերազմից,  երկու կողմերն իրար շարունակում են ինչ-որ բան հասկացնել:

Հարցին, թե ով է ավելի շատ զիջողի դերում լինելու, հաշվի առնելով երկու երկրների փոխադարձ շահերը, Ստյոպա Սաֆարյանն ասաց, որ Թուրքիան չի կարող երկար դիմակայել.«Այսպես ասած՝ Թուրքիան իրեն դրել է իր երազած տղայի տեղը, բայց իր ռեսուրսների առումով չի կարող ուղղակի դեմ դուրս գալ: Էրդողանը երեկ նաև կոշտ նախազգուշացում էր տվել, որ հարված կտան  ԱՄՆ-ի  բարեկամներին այն ժամանակ, երբ նրան քիչ են սպասում, և այնտեղից, որտեղից չեն սպասում: Այս առումով, իհարկե, Արևմուտքը Թուրքիայի հիմնական հակառակորդն է, բայց Թուրքիան անգամ Ռուսաստանի հնարավորությունները չունի Արևմուտքին դեմ գնալու, նույնիսկ Ռուսաստանը չի կարող դուրս գալ Արևմուտքի դեմ»:

Ստյոպա Սաֆարյանի կարծիքով՝ այնպես, ինչպես հնազանդ դիրքով ընդունեց  Գերմանիային խորհրդարանական ընտրություններից հետո, այս դեպքում էլ այլ տարբերակ չունեն. «Պարզապես մի փոքր լեզվին կտան և երբ արդեն կոնկրետ առարկայական վնասներ կրեն, այդ դեպքում կհասնական, որ իրենց վերագրված ուժն ու կարողությունը մտացածին է»:

Հարցին, թե այդ հակամարտությունը կունենա՞ տարածաշրջանային ազդեցություն, Ստյոպա Սաֆարյանն ասաց, որ տարածաշրջանի վրա այս ամենն իր ազդեցությունը կունենա և  Թուրքիան ընդդեմ ԱՄՆ-ի որքան էլ ճամարտակի, այնուամենայնիվ կնախընտրի այլ թատերաբեմերում անուղղակի հարվածել ԱՄՆ-ի շահերին: