Քանի դեռ մեր երկրից կապիտալն արտահոսում է, միամտություն է կարծելը, թե դրսից ներդրողներ կգան. տնտեսագետ

18:50 • 09.10.17

Հայաստանից կապիտալը շարունակում է փախչել այնպես, ինչպես մարդիկ են փախչում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Հայկ Բալանյանը։

Նա նշեց, որ ըստ հրապարակված հաշվետվությունների՝ ԵԱՏՄ-ին անդամակցությունից ի վեր մեր երկրում ներդրումների արտահոսք է եղել, ոչ թե ավելացում:

«2016 թվականի զուտ հոսքերը -15 մլրդ դրամ են կազմել, այս տարի՝ -24,8 մլրդ դրամ։ Եվ կառավարությունը չի կարողացել լուծել այդ արտահոսքի խնդիրը, որը կատարվում է տարիներ շարունակ: Ես ուզում եմ մի թիվ հիշեցնել, որը հայկական մամուլով շրջանառվել է՝ Global Financial Integrity կազմակերպության զեկույցը, ըստ որի՝ 2003-2012 թթ Հայաստանից ապօրինի արտահանվել է 7.5 միլիարդ ԱՄՆ դոլար: Այսինքն, եթե պաշտոնական արտահոսքին գումարենք ապօրինի ճանապարհով արտահանվող կապիտալը, ապա կստանանք ներդրումների վերաբերյալ մոտավոր և կատաստրոֆիկ պատկերացումը»,- ասաց նա:

Բալանյանի խոսքով՝ խնդիրը դրսից ներդրումների ներգրավման մեջ չէ: Նրա խոսքով՝ մեր տեղի մեծահարուստները երկրում փող չեն ներդնում, այլ գումարն այս կամ այն միջոցներով տանում են այլ երկրներ: Նրա համոզմամբ՝ մինչ այդ գործընթացը չդադարեցվի, միամտություն է յուրաքանչյուր խոսակցություն ու հույս, որ դրսից ինչ-որ մեկը, ով այստեղ տանիք ու ծանոթներ չունի, պիտի գա, այստեղ ներդրումներ անի:

«Այն, որ իրավիճակը հենց այդպիսին է, մենք տեսնում ենք՝ ուղղակի փողոց դուրս գալով: Վերջին տարիներին քանի՞ գործարան, մեծ պրոյեկտ, հյուրանոց կամ այլ օբյեկտ է կառուցվել Հայաստանում: Գրեթե ոչինչ: Մի հարցի պետք է պատասխանել՝ ինչո՞ւ է հայկական բիզնեսը, որ կարծես թե ունի այստեղ բոլոր հնարավորությունները, փողը փախցնում դուրս»,- ասաց նա:

Տնտեսագետի կարծիքով՝ պատճառները երկուսն են. առաջինը՝ այդ մարդիկ չեն վստահում թե՛ երկրի ապագային, թե՛ գործող վարչակարգին, որը պիտի, այսպես ասած, պահպանի խաղի կանոնները և պահպանի սեփականության անձեռնմխելիությունը:

Երկրորդ պատճառն այն է, որ հայկական կապիտալն արդեն իսկ բավական մեծ է, և Հայաստանի փոքր շուկան իրենց համար հետաքրքիր չէ, ուստի իմաստ ունեն այնպիսի ծրագրեր, որոնք դրսի մեծ շուկաները պիտի սպասարկեն, այսինքն՝ աշխատեն արտահանման վրա:

«Հայկական գերարժևորված դրամի, և ներքին ու արտաքին քաղաքական անկայուն պայմաններում բիզնեսը նախընտրում է ոչ թե արտադրել Հայաստանում և արտահանել պատրաստի արտադրանքը, այլ արտահանել կապիտալը նույն ԵԱՏՄ, ԱՄՆ կամ Եվրոպա, հենց դրսում ներդրումներ իրականացնել, որպեսզի ավելորդ գլխացավանքից պրծնի: Պարզ ասած՝ դրսի պայմանները անձեռնմխելիության և բիզնեսի կայունության տեսակետից ավելի նպաստավոր են»,- ասաց նա:

Տնտեսագետը նշեց՝ այս իրավիճակում ոչ մի ԵԱՏՄ, Եվրոպական միության կամ Իրանի պես մեծ հարևան-շուկա չի կարող խթան հանդիսանալ Հայաստանում ներդրումներ իրականացնելու համար: Նրա համոզմամբ՝ խնդիրը մեր ներսում է՝ հենց մեր օլիգարխները չեն վստահում գործող տնտեսական և քաղաքական կարգին, ինչպես նաև այդ կարգի ապագային: