Չեմ բացառում, որ Bloomberg-ը Ադրբեջանի պատվերով է հոդվածը հրապարակել՝ ՀՀ ներդրումային գրավչությունը նվազեցնելու համար. քաղաքագետ
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը, Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով Bloomberg գործակալության կողմից 5 ամենաթեժ հակամարտությունների ցանկում Արցախի հակամարտությունը ներառելուն, չբացառեց, որ դա Ադրբեջանի պատվերով հրապարակված տեղեկատվություն է, որի նպատակը Հայաստանի տնտեսական զարգացմանը վնաս հասցնելն է:
«Կարծում եմ, որ հարցը պետք է դիտարկել հենց այդ համատեքստում: Ադրբեջանն ամեն ինչ անում է, որ Հայաստանի ներդրումային գրավչությունը հնարավորինս քիչ լինի միջազգային շուկայում»,-ասաց նա:
Հրանտ Մելիք- Շահնազարյանը նշեց, որ ինքն այդ կարծիքին է, քանի որ եղել է նախադեպ: Նա հիշեցրեց, որ երբ Հայաստանը պետական պարտատոմսեր հանեց միջազգային շուկա, սահմանային լարվածության մասին առաջին հոդվածները եղել են Bloomberg-ում՝ հենց Ադրբեջանի միջոցով:
«Սա առիթ տվեց ենթադրելու, որ Ադրբեջանը տեղեկատվական նման աշխատաոճով նպատակ ունի միջազգային շուկայում Հայաստանի պարտատոմսերի գնին վնաս հասցնել »,-ասաց նա և նկատեց, որ Bloomberg-ին հետևում են ավելի շատ բիզնես շրջանակները:
Անդրադառնալով հարցին, թե այս անգամ ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ այս հրապարակումը, նա ասաց, որ դժվար է կանխատեսել, սակայն նշեց, որ մեկ-երկու հոդվածը վճռորոշ գործոն չի կարող լինել, թեև ընդհանուր առմամբ խնդիրն առկա է:
«Ադրբեջանը փորձում է բոլոր հնարավոր ռեսուրսներով մեծ վնաս հասցնել մեր հեղինակությանը տարբեր միջազգային կառույցներում, և սա տեղեկատվական պատերազմի օրինակ է»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է հակադարձումներին, ապա Հրանտ Մելիք-Շահնազարյանը նշեց, որ տարբերակները շատ են, ինչն արվում է, և Հայաստանի կառավարությունը համագործակցում է միջազգային կառույցների հետ՝ իրական իրավիճակը ներկայացնելու, ներդրումների համար գրավիչ պայմաններ ստեղծելու համար:
Ըստ` քաղաքագետի, եթե հնարավոր լինի բացահայտել Ադրբեջանի և Bloomberg-ի համագործակցությունը, մեծ հարված կլինի արդեն այդ գործակալության հեղինակությանը, ինչպես նաև մյուս լրատվամիջոցներն էլ կտեսնեն, որ այդպիսի համագործակցությունները կարող են վնաս հասցնել հենց իրենց: Նա նշեց, որ պետք է հետևողական լինել և ժամանակի ընթացքում այդ խնդիրները լուծել:










