Կատալոնիայի գերագույն դատարանը հրահանգել է Ազգային ոստիկանությանը հսկել խորհրդարանի շենքը

17:32 • 09.10.17

Կատալոնիայի գերագույն դատարանը վճռել է, որ Ազգային ոստիկանությունը պետք է Mossos d'Esquadra կատալոնական իրավապահ մարմինների հետ հսկեն ինքնավար շրջանի խորհրդարանի շենքը, որտեղ երեքշաբթի պետք է հանդես գա ժեներալիտետի ղեկավար Կարլես Պուչդեմոնը «հանրաքվեի արդյունքներով», հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


Չի բացառվում, որ հոկտեմբերի 10-ի նիստին խորհրդարանը, համաձայն սեպտեմբերի 6-ին ընդունված հանրաքվեի մասին օրենքի, միակողմանի կերպով կհռչակի Իսպանիայից Կատալոնիայի անկախությունը: Այնուամենայնիվ, այդ առնչությամբ օրակարգում պաշտոնական կետ դեռևս չի նշվում:


Դատական որոշումը կայացվել է «շենքի անվտանգությունն ուժեղացնելու և դրա լիարժեք և նորմալ գործունեությունն ապահովելու» անհրաժեշտության պատճառով:


Ֆրանսիայի եվրոպական հարցերով նախարար Նատալի Լուազոն հայտարարել է, որ Ֆրանսիան չի ճանաչի Կատալոնիան, եթե շրջանը միակողմանի կերպով անկախություն հռչակի:


Հիշեցնենք, որ Կատալոնիայի անկախության հանրաքվեն անցկացվել է հոկտեմբերի 1-ին և ուղեկցվել է իրավապահ մարմինների հետ հանրաքվեի խաղաղ մասնակիցների բախումներով: Հաղորդվել է, որ բախումների ընթացքում վիրավորվել է հանրաքվեի 844 մասնակից և 33 ոստիկան:


Հանրաքվեի ընթացքում անկախացման կողմնակիցները հաղթանակ են տարել 90 տոկոս ձայնով, չնայած հանրաքվեին քվեարկել է քվեարկելու իրավունք ունեցողներից կեսից քիչը:


Մադրիդը հայտարարել է, որ մտադիր չէ բանակցություններ վարել Բարսելոնայի հետ, քանի որ չի ճանաչում այդ հանրաքվեի օրինականությունը: