Եթե ժողովուրդը պատրաստ չէ իր անկախությունը բոլոր միջոցներով ապահովել, ապա հանրաքվեները դառնում են անիմաստ գործողություն. Ա. Մելիքյան
Կոսովոն ճանաչել են, ժամանակի ընթացքում Արցախն էլ կճանաչեն: Այս մասին Արցախի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանն ասել է «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում:
«Ի վերջո, կարող են անկախության այդ հանրաքվեները ճանաչվել կամ չճանաչվել ինչ-որ ժամանակահատված, բայց որոշումը տվյալ ժողովրդին է: Եթե որոշել է և գործը հասել է այնտեղ, որ այդ հանրաքվեն անցկացվել է, հետագա ճանապարհը կարող է հարթվել: Այսօր չեն ընդունում, վաղը կարող են ընդունել: Միացյալ Նահանգների անկախությունն էլ միանգամից չի ճանաչվել»,-ասել է Արցախի նախկին արտգործնախարարը:
Կատալոնիայի անկախության մերժելը Ալիևը ողջունել է և հորդորել նույն համատեքստում մերժել նաև Արցախի անկախությունը: Ըստ Արման Մելիքյանի՝ սրա պատասխանը բացառապես Արցախի Հանրապետության անկախության հետագա խորացումն ու կառուցումն է: Նրա կարծիքով՝ մեր քայլը Արցախի միջազգային ճանաչումն է: Ոչ ոք այսօր չի կարող ասել՝ Կատալոնիայի անկախությունը մեկ տարի անց կճանաչվի, թե ոչ:
«Այն, որ Ալիևը ջանում է կանխել Արցախի անկախության ճանաչումը, և հորդորում է եվրոպացիներին, որպեսզի նրանք չճանաչեն ոչ Կատալոնիայի հանրաքվեն, ոչ էլ Արցախի անկախությունը, այդ մոտեցումներն ինձ համար հասկանալի չեն, իսկ եթե ճանաչեցին Կատալոնիայի անկախությունը, հետևաբար պետք է համաձայնի, որ ճանաչեն նաև Արցախի՞ անկախությունը: Ոչ, սա մարտավարական քայլ է, որով նա փորձում է առիթն օգտագործել և Արցախի անկախության միջազգային ճանաչմանն ուղղված քայլերի առջև պատնեշ դնել»,-պարզաբանել է Արման Մելիքյանը:
Նրա դիտարկմամբ՝ սրանից պետք չէ վախենալ, հիասթափվել, ոչ էլ Եվրամիության այսօրվա որոշումները պետք է դիտարկել հավերժական ու ապագային միտված, Արման Մելիքյանը վստահեցրել է՝ ժամանակն իր ասելիքը կասի, ամեն ինչ կընկնի իր տեղը:
«Ես կարծում եմ, որ Արցախի պաշտոնատար անձինք ողջունել են Կատալոնիայի անկախությունը՝ ելնելով մի սկզբունքից, որ ցանկացած ժողովրդի ինքնորոշման իրավունք պետք է ողջունել և պաշտպանել: Բայց դրան հակադրվում են այլ միջազգային սկզբունքներ: Այս կարգի ամեն որոշում, որ ժողովուրդն ընդունում է հանրաքվեով, պետք է կարողանա նաև պաշտպանել քաղաքական մակարդակում, տնտեսական և ռազմական մակարդակներում, եթե դրա անհրաժեշտությունը լինի»,- մեկնաբանել է Արցախի նախկին արտգործնախարարը:
Նրա տեսանկյունից՝ հակառակ պարագայում՝ այդ հանրաքվեն կմնա միանգամյա քաղաքական ակտ, որը հետևանքներ չի ունենա և կոնկրետ ժողովուրդն այդ հանրաքվեի արդյունքներից կոնկրետ քաղաքական կապիտալ ստանալու հնարավորություն չի ունենա, այսինքն՝ ֆիզիկապես չի կարողանա անկախանալ:
«Եթե ժողովուրդը պատրաստ չէ իր անկախությունը բոլոր հնարավոր միջոցներով ապահովել, ապա այդ հանրաքվեները դառնում են պարզապես անիմաստ գործողություն, որը հետևանք չի ունենալու»,-վստահեցրել է Արման Մելիքյանը:
Նրա գնահատմամբ՝ բոլոր իրավական ձևակերպումները սովորաբար օգտագործում են նոր քաղաքական իրողությունն արդարացնելու համար: Այսինքն՝ երբ որ քաղաքական իրողությունը փոխվում է, ստիպված են լինում փոխվել նաև իրավական ձևակերպումները: «Սրանք մեկը մյուսի հետ փոխկապակցված բաներ են, առաջնայինը ժողովրդի արտահայտած կամքն է, պաշտպանելու նպատակադրումն է և կարողությունը: Երբ որ ժողովուրդն իր կարծիքը, տեսակետն արտահայտում է և պատրաստ է այն պաշտպանել հնարավոր բոլոր միջոցներով, իրավական հիմնավորումներն, անպայման, իրենց հերթին պիտի ամրագրեն այդ անկախությունը»:










