Անդրիաս Ղուկասյանը կալանքը գրավով փոխարինելու միջնորդություն ներկայացրեց (տեսանյութ)
Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է «Ոտքի՛ Հայաստան» քաղաքացիական նախաձեռնության համակարգող Անդրիաս Ղուկասյանի դատավարությունը՝ դատավոր Վարդան Գրիգորյանի նախագահությամբ:
Այսօրվա դատական նիստի մեկնարկին Անդրիաս Ղուկասյանը կալանքը գրավով փոխարինելու միջնորդություն ներկայացրեց: Նա շեշտեց, որ արդեն կալանքի տակ է գտնվում 1,2 տարի, սակայն քրեական գործով նշված ապացույցներով նրան կալանքի տակ պահելու հիմքեր չկան:
Վերջինս իր միջնորդության մեջ նշեց իր երկու բարձրագույն կրթության մասին, իր խնամքի տակ գտնվող անչափահաս աղջկա, առողջական խնդիրներ ունեցող մոր և քաղաքական գործունեության մասին: Անդրիաս Ղուկասյանը միջնորդության մեջ մեջբերեց նաև ՀՀ վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումները, ինչպես նաև վճիռներ ՄԻԵԴ-ից:
«Ինձ կալանքի տակ պահելու հիմքեր չկան: Միջնորդում եմ դատարանին՝ կալանքը 1,5 մլն ՀՀ դրամով գրավով փոխարինել կամ դատարանի կողմից սահմանել գրավի մեկ այլ՝ ողջամիտ չափ»,-ասաց նա։
Մեղադրող դատախաղ Պետրոս Պետրոսյանն առարկեց միջնորդությանը՝ համարելով, որ այն անհիմն է։
«Ներկայացված միջնորդությունն անհիմն է, դատարանին խնդրում եմ մերժել այն»,-ասաց դատախազը՝ ներկայացնելով իր առարկությունները:
Ղուկասյանի փաստաբան Կարեն Մեժլումյանն ասաց, որ մեղադրող դատախազն առարկելով՝ գործով որևէ փաստական տվյալով չհիմնավորեց, որ Անդրիաս Ղուկասյանը կկատարի ՀՀ քրեադատավարական օրենսգրքի 135-րդ հոդվածով՝ խափանման միջոց կիրառելու հիմքերով նախատեսված արարքները:
«Մեղադրողը գործի նյութերում չնշեց որևէ փաստական տվյալ, որով Անդրիաս Ղուկասյանն ազդեցությունն կգործի առերեսված, հարցաքննված վկաների նկատմամբ: Դատախազը չնշեց որևէ փաստարկ, որը ողջամտորեն ենթադրել է տալիս, որ Ղուկասյանը կխուսափի քրեական պատասխանատվությունից, նման փաստական տվյալի հղում չկատարվեց»,-ասաց Մեժլումյանը:
Անդրիաս Ղուկասյանը անդրադառնալով դատախազի առարկությանը, ասաց, որ իր մեղադրանքը ոչ միայն լրացվել է , այլ նաև փոփոխվել է, դատախազը խոսում է դեռ այդ մասին: Պետրոս Պետրոսյանը համամիտ չէր դիտարկումների հետ և ասաց, որ գործը նայել է, եկել է հետևության և առարկել է միջնորդությանը: Դատարանն անորոշ ժամանակով գնաց խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու:
Հիշեցնենք, որ Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել 2016թ. հուլիսի 29-ին Երևան քաղաքում զանգվածային անկարգություններ կազմակերպելու, հուլիսյան դեպքերի ժամանակ Մ. Խորենացի փողոցում ՀՀ ՊՊԾ գնդի տարածքում գտնվող շենքերը, շինությունները և տրանսպորտային միջոցները զավթած, ոստիկաններ և բուժաշխատակիցներ պատանդ վերցրած կազմակերպված զինված խմբին միանալու փորձի, ինչպես նաև «զինվելու, ապօրինի կերպով հրազեն ու ռազմամթերք կրելու, պահելու և խմբի անդամների հետ համակատարմամբ զավթած ու պատանդներին պահելու փորձերի մեջ», սակայն հանցագործություններն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներով:
Ըստ մեղադրանքի՝ Անդրիաս Ղուկասյանի գործողություններից տուժել է 36 անձ: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 225-րդ հոդվածի 1-ին մասի, 34-219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 34-218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 34-235-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:










