Թուրքմենստանի նախագահը երկրի կրկնակի հերոս է դարձել և բրոնզե կիսանդրու իրավունքի արժանացել
Թուրքմենստանի խորհրդարանի պատգամավորները երկրի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին բարձրագույն պետական պարգևի՝ Թուրքմենստանի հերոսի կոչման արժանացնելու մասին որոշում են կայացրել: Այդ մասին հայտնում է interfax.ru-ն՝ վկայակոչելով պետական տեղեկատվական գործակալությանը:
Թուրքմենստանի նախագահին պարգևը շնորհել են «միջազգային ասպարեզում անկախ չեզոք հայրենիքի հեղինակության բազմապատկման հարցում բացառիկ ծառայությունների և հսկայական գործունեության համար»:
Պատվավոր կոչումը Բերդիմուհամեդովին շնորհվում է երկրորդ անգամ: Առաջին անգամ Թուրքմենստանի հերոս նա դարձել է 2011 թվականի հոկտեմբերին:
Օրենքի համաձայն՝ կոչումը բացառիկ դեպքերում կարող է կրկին հանձնվել քաղաքացիներին, որոնք «հսկայական անձնական ներդրում» են ունեցել Թուրքմենստանի ինքնիշխանության, սահմանադրական կարգի և պետականության ամրապնդման գործում:
Հաղորդվում է, որ անձի պատվին, որը կրկնակի է արժանանում հերոսի կոչման, բրոնզե կիսանդրի է տեղադրվում:










