Աղտոտվածության հետևանքով ավելի շատ մարդ է մահանում, քան պատերազմների. գիտնականներ

22:41 • 20.10.17

Մի խումբ գիտնականներ, վերլուծելով ամեն օր մարդկային գործոնով պայմանավորված շրջակա միջավայրին հասցվող վնասը, պարզել են, որ համաշխարհային մակարդակով աղտոտվածությունը կարող է մոտ ապագայում մարդկությանը կանգնեցնել գոյատևման եզրին:

Ինչպես հաղորդում է Life.ru-ն՝ մեջբերելով հետազոտության արդյունքները, միայն 2015 թվականին 9 մլն մարդ է մահացել շրջակա միջավայրի աղտոտվածությամբ պայմանավորված տարատեսակ հիվանդություններից՝ ուղեղի կաթվածից, սրտի հիվանդությունից և օնկոլոգիական հիվանդություններից:

Միևնույն ժամանակ գիտնականները նշում են, որ վաղաժամ մահվան վտանգը զարգացող երկրներում և զարգացած տնտեսությամբ երկրներում գրեթե հավասար է:

Մասնագետների հաշվարկներով՝ աղտոտվածությունից և դրա պատճառով առաջացած հիվանդություններից միջինում 3 անգամ ավելի շատ մարդ է մահանում, քան վարակներից, համաճարակներից և պատերազմներից: Ըստ կանխատեսումների՝ այդ թիվը 2050-ականներին կարող է կրկնապատկվել: