Վիեննայի ոստիկանությունը գրոհել է խաղալիքների խանութը՝ նինձայի կոստյումով աղջկա պատճառով (լուսանկարներ)

14:03 • 21.10.17

Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում ոստիկանները գրոհել են մանկական խաղալիքների խանութը՝ նինձայի կոստյումով պրոմոութերի անձը ստուգելու համար: Այս մասին հայտնում է Kronen Zeitung-ը:

Նշվում է, որ ականատեսներն անմիջապես հայտնել են ոստիկանությանը դեմքը ծածկած պրոմոութերի մասին: Ոստիկանության աշխատակիցները ժամանել են դեպքի վայր և մտել խանութ՝ թռուցիկներ բաժանողին ստիպելով հանել դիմակը: Պարզվել է, որ պրոմոութերն աղջիկ է:

Ավելի ուշ ոստիկանությունում պարզաբանել են, որ դեմքը փակելը պայմանավորված է եղել մասնագիտական անհրաժեշտությամբ, ահա թե ինչու օրենքը չի խախտվել:

Հայտնի է, որ հոկտեմբերին Ավստրիայում օրենք է ուժի մեջ մտել, որի համաձայն արգելվում է դեմքը փակող հագուստ կրել, այդ թվում՝ փարանջա, բուրկա և նիքաբ: