Ամերիկացի միլիարդատերը հայտարարել է Թրամփի պաշտոնանկության արշավ սկսելու մասին (տեսանյութ)

10:29 • 21.10.17

Ամերիկացի միլիարդատեր Թոմ Սթայերը տեսահոլովակ է հրապարակել, որում նա հայտարարում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնանկության արշավ սկսելու մասին։ Տեսանյութը հրապարակվել է միլիարդատիրոջ YouTube-ալիքում։


Իր տեսաուղերձում Սթայերը մեղադրում է Թրամփին, որ նա ԱՄՆ-ն հասցրել է միջուկային պատերազմի շեմին,  խոչընդոտել է Հետաքննությունների դաշնային բյուրոյի արդարադատությանը, անտեսել Սահմանադրությունը, սպառնացել փակել զանգվածային լրատվամիջոցները։


«Եթե սա պատճառ չէ վտանգավոր նախագահին պաշտոնանկ անելու, ապա ի՞նչ է կատարվում մեր կառավարության հետ»,- ասել է միլիարդատերը։


Սթայերը նաև հայտարարել է, որ Կոնգրեսում հասկանում են, որ «Թրամփը վտանգ է ներկայացնում՝ նա հոգեպես անհավասարակշիռ է և միևնույն ժամանակ զինված է միջուկային զենքով»։ Սակայն, նրա խոսքով, հանրապետական Կոնգրեսում ոչ մի քայլ չեն ձեռնարկում։


Բացի այդ, նա կայքէջ է թողարկել Թրամփի պաշտոնանկության նպատակով ստորագրությունների համար։