Իսրայելցի իրավապահները սխալ են թարգմանել պաղեստինցու «Բարի լույս» գրառումն ու ձերբակալել նրան

10:50 • 23.10.17

Իսրայելցի իրավապահները ձերբակալել են պաղեստինցու, որի համացանցային «Բարի լույս» գրառումը սխալմամբ թարգմանել են որպես «Հարձակվեք նրանց վրա», այս մասին հայտնում է РИА Новости գործակալությունը՝ «Հաարեց»-ին հղումով։

Հորդանան գետի Արևմտյան ափին գտնվող հրեական բնակավայրերից մեկում աշխատող պաղեստինցի տղամարդը սոցցանցերից մեկի իր էջում բուլդոզերի դիմաց կանգնած լուսանկար է հրապարակել ու հավելյալ գրառմամբ բարի լույս մաղթել իր ընկերներին:

Համակարգչային ծրագրի միջոցով տղամարդու գրառումը թարգմանած իսրայելցի իրավապահները սխալ են հասկացել դա և ձերբակալել տղամարդուն: Նրանց կասկածներին նպաստել է նաև հենց բուլդոզերի պատկերը. շինարարական այս մեքենան բազմիցս օգտագործվել է տարբեր ահաբեկչական ակտերի ժամանակ:

Ձերբակալությունից հետո, սակայն, իրավապահները հասկացել են իրենց սխալը և բաց թողել պաղեստինցուն:

Հայտնվելով ազատության մեջ՝ տղամարդը շտապել է ջնջել իր խնդրահարույց գրառումը: