Ով վճարում է, նա էլ պատվիրում է երաժշտությունը, պարզ է` պատվիրատուն ադրբեջանական կողմն էր. Շ. Արևշատյանը Մագոմաևին նվիրված համերգի մասին

19:01 • 24.10.17

«Ռադիո Վան» ռադիոկայանի տնօրեն Շուշանիկ Արևշատյանն այսօր Tert.am-ի հետ զրույցում անդրադարձավ «Ռադիո Վանի» բաց նամակին` ուղղված ռուսական Առաջին ալիքի գլխավոր տնօրեն Կոնստանտին Էռնստին, որտեղ անդրադարձ է կատարվել  hոկտեմբերի 22-ին ռուսական Առաջին ալիքի եթերում ցուցադրված համերգին՝ նվիրված Մուսլիմ Մագոմաևի 75-ամյակին, որտեղ Առնո Բաբաջանյանի և հայ ստեղծագործողների անունը չի հնչել, իսկ համերգը կայացել է Crocus City Hall-ում՝ Մուսլիմ Մագոմետովիչի անունը կրող դահլիճում:

«Ադրբեջանական կողմից դիրքորոշումը հասկանալի է, ով վճարում է, նա էլ պատվիրում է երաժշտությունը, պարզ է, որ պատվիրատուն ադրբեեջանական կողմն էր»,-ասաց  Շուշանիկ Արևշատյանը և նշեց, որ 23 երգից մոտավորապես 12 երգը պատկանում են հայկական ստեղծագործողներին, որոնց անունը չհնչեց:

«Մեզ անհանգստացնում է և անհասկանալի է ռուսական առաջին ալիքի դիրքորոշումը, որը ընդհանրապես իրավունք չուներ այդպես վարվելու` հեղինակային իրավունքից ելնելով:  Բանավոր հնչել են այն հեղինակների անունները, որոնք որ հայ չէին: Դա մեզ շատ նեղացրեց և մենք որոշեցինք բաց նամակ ուղղել տնօրենին` հասկանալով, որ մենք արձագանք չենք ստանա, սակայն հասկանալով նաև, որ եթե մենք բարձրաձայնենք այդ մասին իրենք կմտածեն, որ ամեն ինչը չէ, որ փողով է արվում, կան գաղափարներ, որոնք փողից ավելին են»,-ասաց նա և նշեց, որ կարծում է, թե արձագանքը Ռուսաստանում ամեն դեպքում շատ կլինի:

Շուշանիկ Արևշատյանը ՀՀ Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանին հորդորեց և խնդրեց նման նամակ իրենք ևս գրեն, որովհետև այստեղ խախտված է  բոլոր իրավունքները: «Վերջին շրջանում անընդհատ ինչ-որ վախենում ենք ռուսական կողմին ցույց տանք մեր անհամաձայնությունը, բայց որպեսզի քեզ հարգեն, դու ինքդ քեզ պետք է հարգես: Պարտադիր չի վիճել, պատերազմել, սակայն պարտադիր է ասել այն, ինչ մտածում ես: Ինչ-որ մեր գլխով անցնում է ռուսական կողմից, մենք անընդհատ սուս ենք մնում, չենք խոսում դրանց մասին»,-ասաց նա:

Անդրադառնալով ռուսամետ և արևմտամետ տարանջատմանը` Շուշանիկ Արևշատյանն ասաց, որ եթե մենք չբարձրաձայնենք այս խնդիրների մասին, դա կազդի հակառուսական տրամադրությունների վրա: «Չի կարելի ազգության, մարդկանց հետ այդպես վարվել: Եթե չէիք ուզում դուք հայտարարել որևէ հայկական անուն, չհնչեցնեիք այդ երգերը ընդհանրապես, բայց եթե դուք չհնչեցնեիք այդ երգերը, ինչպե՞ս էր կայանալու այդ համերգը: Չէ՞ որ Առնո Բաբաջանյանը և Մուսլիմ Մագոմաևը իրար ստեղծեցին»,-ասաց նա:

Նա նշեց, որ հասկանում է, թե ռուսական կողմը պետք է գնա ինչ-որ կոմպրոմիսների երկու ազգերի դեպքում, սակայն մշակույթը պետք է վեր լինի քաղաքականությունից, հակառակ դեպքում, դա արդեն մշակույթ չէ:  «Ես կուզենայի, որ ավելի շատ մեծ աղմուկ բարձրացնեինք, որպեսզի համերգի կրկնության ժամանակ, անպայման, նշվի Առնո Բաբաջանյանի անունը և մյուս անգամ, եթե նման բան լինի, ռուսական առաջին ալիքի ղեկավարությունը տասը անգամ մտածի, անեն նման բան, թե ոչ»,-ասաց նա:

Ներկայացնում ենք բաց նամակը ամբողջությամբ.

«Ռադիո Վանի» բաց նամակը ռուսական Առաջին ալիքի գլխավոր տնօրեն Կոնստանտին Լվովիչ Էռնստին

Հարգելի Կոնստանտին Լվովիչ

Հոկտեմբերի 22-ին ռուսական Առաջին ալիքի եթերում ցուցադրվեց համերգ՝ նվիրված Մուսլիմ Մագոմաևի 75-ամյակին: Համերգը անցկացվել է Crocus City Hall-ում՝ Մուսլիմ Մագոմետովիչի անունը կրող դահլիճում (դա կարևոր է): Համերգի հեռուստատեսային տարբերակում հեռուստադիտողը կարողացավ վայելել 23 երաժշտական ստեղծագործություններ, որոնցից 20-ը ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մուսլիմ Մագոմաևի երգացանկից էին: Բոլոր համարները (երաժշտական ստեղծագործությունները) ուղեկցվում էին կատարողի անունը և ազգանունով պարունակող տիտրերով, իսկ հեղինակների անունները և ազգանունները հեռուստադիտողը չտեսավ: Տարօրինակ պատմություն է. կարող են մտածել ոմանք, թեև հիշում եք, չէ՞, թե որտեղ էր տեղի ունենում համերգը՝ Crocus City Hall-ում (դա կարևոր է): Այնուամենայնիվ, որոշ հեղինակների անուններ հնչեցին հաղորդավարների շուրթերից, սակայն 20-ից 7 երգերի համահեղինակի անունը և ազգանունը հանդիսատեսն այդպես էլ չլսեց…

Դա Արազ Իսքենդեր Օղլի Ագալարովի (ով կառուցել է Crocus City Hall-ը, որտեղ կայանում էր համերգը) անձնական խնդրա՞նքն էր, թե՞ (Աստված մի արասցե) համերգը հնարավոր չէր լինի ցուցադրել նավթով հարուստ և ՅՈՒՆԵՍԿՕ-ի չկայացած  գլխավոր քարտուղար ունեցող երկրում:

«Աշխարհում ապրում էր մի շատ տաղանդավոր տղա, և նա շատ էր ցանկանում երաժիշտ դառնալ: Որոշ ժամանակ անց նրան օգնության ձեռք է մեկնում երկնակամարի ամենափայլուն աստղերից մեկը… Եվ այդ աստղի անունն էր Մուսլիմ Մագոմաև, սակայն ո՞վ է այդ տղան».- այս բառերը նախորդեցին Էմին Ագալարովի բեմ դուրս գալուն:

Պատմությունը հաճախ է կրկնվում… Դրանից շատ-շատ տարիներ առաջ մեկ այլ տղա՝ 19-ամյա ծագող աստղը հանդիպեց մեկ այլ մարդու, ով  էլ ամենայն հավանականությամբ, կանխորոշեց Մուսլիմ Մագոմետովիչի ճակատագիրը: ԱՅԴ մարդու երգերը 7 անգամ հնչեցին համերգի ժամանակ, բայց նրա անունը անգամ մեկ անգամ չհնչեց: Ճիշտ է, մի  ամբողջ 4 վայրկյան նրա ազգանունը երևաց համերգի տիտրերում մյուս հեղինակների ազգանունների երկար ցուցակի մեջ: Հավանաբար, այդ 4 վայրկյանը այն ժամանակն էր, որին համաձայնել էր ռուս և ադրբեջանցի գործարարը՝ Crocus Group ընկերության նախագահն ու սեփականատերը:

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Առնո Բաբաջանյանի համար արդեն վաղուց մեկ է, սակայն Առաջին ալիքի դիրքորոշումն անհասկանալի է: Ո՞վ է արգելել հիշատակել Առնո Հարությունովիչին:

Կամ ինչի՞ համար էր ընդհանրապես պետք կատարել նրա ստեղծագործությունները: Ի դեպ, Արազ Իսքենդեր Օղլի Ագալարովը, երևի, գլխի չէր ընկել, սակայն պետք էր համերգային ծրագրից բացառել նաև «Բուխենվալդյան ահազանգ» երգը, չէ՞ որ երաժշտության հեղինակը ազգությամբ հայ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մուրադելի Վանո Իլյիչն է: Պետք էր ծրագրից բացառել նաև Միշել Լեգրանի հրաշալի երաժշտությունը, չէ՞ որ եռակի օսկարակիր երգահանի մայրը նույնպես հայուհի էր:

Կոնստանտին Լվովիչ, հասկանալի է, որ Դուք չեք պատասխանի և որևէ կերպ չեք արձագանքի այս նամակին, բայց մենք չէինք կարող լռել: Եվ մեկ հանգամանք էլ.  հեռուստատեսությունը՝ որպես մշակույթի մի մաս, պետք է միավորի, այլ ոչ թե բաժանի… թե՞ Դուք այլ կարծիքի եք:

Հ.Գ. Մի՛ վախեցեք տիտրերից, անուններից և ազգանուններից: Վախեցե՛ք նրանցից, ովքեր վախենում են տիտրերից, անուններից և ազգանուններից…»: