Դա անխուսափելի էր․ Ծառուկյանը՝ Նուրմագոմեդովի և Դվալիշվիլիի մասնակցությամբ ծեծկռտnւքի մասին

23:12 • 12.11.26

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը (24-3), որը ներկայացնում է Հայաստանը և Ռուսաստանը, մեկնաբանել է երեկ՝ նոյեմբերի 11-ին, Աբու Դաբիում տեղի ունեցած ծեծկռտուքը, որին մասնակցել են անպարտելի PFL-ի գործող թեթևքաշային տիտղոսակիր Ուսման Նուրմագոմեդովը և նրա թիմակիցները UFC-ի նախկին թեթևքաշային չեմպիոն Մերաբ Դվալիշվիլիի հետ։

«Դա պետք է տեղի ունենար։ Դա անխուսափելի էր։ Ես զարմացել էի, թե ինչու նախորդ անգամ Մերաբն այստեղ էր, և ոչինչ տեղի չունեցավ։ Պատասխանը պետք է լիներ, և այն եղավ։ Այո՛, կարելի էր խուսափել դրանից։ Բայց դժվար է։ Գիտե՞ս, երբ մարդը հուզական վիճակում է մոտենում, երբ քո եղբորն են վիրավորել, ոչինչ չեն արել… Նա պարզապես ուզում էր նույն կերպ պատասխանել։ Կարծում եմ՝ Ուսմանն ընդհանրապես չէր ուզում կռվել։ Նա կանգնած էր, չէր ցանկանում շարունակել և մտածում էր, որ դրանով ամեն ինչ կավարտվի։ Բայց Մերաբը գազան է, անմիջապես նետվեց առաջ։

Մերաբի ընկերը պարզապես գազան է։ Ինչե՜ր էր անում։ Անջատում էր, տապալում, հարձակվում։ Լսել եմ, որ նա նույնիսկ մարտիկ չէ, այլ ըմբիշ։ Նրան պետք է միայն ծեծկռտուքների տանել։ Մեծ աղմուկ բարձրացրեց, որովհետև իսկապես գազան է։

Կարծում եմ՝ այս ամենը չպետք է շարունակություն ունենա։ Պետք է, որ նրանք պարզապես միասին նստեն, ձեռք սեղմեն։ Նա՝ Մերաբը, իր տարածքում արեց, Ուսմանը՝ այստեղ։ Այսպես ասած՝ հաշիվները հավասար են։ Հակամարտության շարունակությունը կարող է վատ հետևանքներ ունենալ։ Հիմա դաղստանցիների և վրացիների միջև նման վերաբերմունք ինչի՞ համար է պետք։ Պետք է հակառակը լինի։ Օրինակ՝ Խաբիբը կամ ավագները պետք է կապ հաստատեն և հնարավորինս անվտանգ կերպով հարթեն այս հակամարտությունը, որպեսզի բոլորը ձեռք սեղմեն ու բաժանվեն»,- ասել է Ծառուկյանը լրագրող Ադամ Զուբայրևին տված հարցազրույցում, որը հրապարակվել է վերջինիս YouTube-յան ալիքում։

Ծառուկյանը նաև վստահություն է հայտնել, որ Ուսման Նուրմագոմեդովը, չնայած Մերաբ Դվալիշվիլիի հետ կռվին, այնուամենայնիվ կտեղափոխվի UFC։

«Կարծես թե [կռվին մասնակցողների համար] իրավական հետևանքներ կլինեն։ Կարծում եմ՝ նվազագույնը բոլորի համար արտաքսումը կլինի։ Մերաբի համար էլ։ Որովհետև Աբու Դաբիի կանոնների համաձայն, եթե քեզ հարվածել են, իրավունք չունես կռիվ սկսել։ Հուսով եմ՝ բոլորին կթողնեն։

Իհարկե, UFC-ն Ուսմանի կարիքն ունի։ Ընդհակառակը, UFC-ն սիրում է նրա նման տղաներին։ Ենթադրենք՝ հիմա կռիվ է Ուսմանի և Իլիայի միջև՝ հիանալի կլինի։ Բայց կարծում եմ՝ Իլիան երբեք չի մենամարտի Ուսմանի հետ։ Կարծում եմ՝ նա զգույշ կլինի, հատկապես հիմա, վերջին մենամարտից հետո, չի մենամարտի նրա հետ։ Կարծում եմ՝ Իլիան կհանդիպի ավելի կամ պակաս անցողիկ մրցակցի, կմենամարտի նրա հետ, կտեսնի, թե ինչ մարզավիճակում է նա, իսկ հետո կմենամարտի Ուսմանի հետ», — ասել է Ծառուկյանը լրագրող Ադամ Զուբայրաևի հետ իր YouTube ալիքում տված հարցազրույցում։

Ինչպես արդեն հայտնի է, նոյեմբերի 11-ին Աբու Դաբիի հյուրանոցներից մեկի սրահում ռուսաստանցի Ուսման Նուրմագոմեդովը մի խումբ անձանց հետ մոտեցել էր Դվալիշվիլիին ու հարվածել նրա դեմքին, ինչին հաջորդել էր զանգվածային ծեծկռտուք։

Աղբյուրը`ArmSport.am