Հայաստանի դեմ խաղը մեզ համար եզրափակչի նման է․ Ապոստոլոս Մանցիոս
Վաղը՝ նոյեմբերի 12-ին, Հայաստանի ազգային հավաքականը ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի խաղարկության C2 խմբի նախավերջին տուրում Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կընդունի Կիպրոսի ընտրանուն։
Հանդիպումից առաջ կայացած նախախաղային ասուլիսի ժամանակ լրագրողների հարցերին պատասխանել է Կիպրոսի հավաքականի գլխավոր մարզիչ Ապոստոլոս Մանցիոսը։
– Պարո՛ն Մանցիոս, վաղը կարևոր հանդիպում է սպասվում Հայաստանի հավաքականի դեմ։ Ի՞նչ ակնկալիքներ ունեք այս խաղից, որտեղ վաստակած միավորը ձեզ համար կապահովի խմբում երկրորդ տեղը։
«Սա այն խաղն է, որը մեծամասամբ կորոշի 2-րդ, իսկ մեզ համար գուցե և 1-ին տեղի ճակատագիրը։ Կարծում եմ՝ բարդ հանդիպում է լինելու երկու թիմերի համար էլ։ Հայաստանի հավաքականն իր հարկի տակ շատ ուժեղ է, կունենա երկրպագուների մեծ աջակցությունը։ Մենք նախապատրաստվել ենք։ Այս խաղը մեզ համար եզրափակիչի բնույթ է կրում, և մենք վճռական ենք տրամադրված պայքարելու համար»։
– Վաղվա խաղից առաջ թիմի վրա հոգեբանական ճնշում կա՞։
«Մենք դա դիտարկում ենք ոչ թե որպես ճնշում, այլ զարգացման հնարավորություն։ Դա մեզ շատ է ուրախացնում։ Ցույց ենք տվել, որ որքան աճում և բարելավում ենք մեր խաղը, այնքան ավելի պատրաստ ենք նմանատիպ հանդիպումների։ Վաղվա խաղից առաջ որևէ ճնշում չկա։ Դա դիտարկում ենք որպես ազգային հավաքականն էլ ավելի մեծացնելու ու զարգացնելու հնարավորություն»։
– Ի՞նչ կասեք հրավիրված ֆուտբոլիստների և թիմի ներկայիս վիճակի մասին։
«Մենք կենտրոնանում ենք ոչ թե անհատների, այլ այս թիմի զարգացման վրա։ Բացի լավ ելույթներից, կան նաև թվեր (արդյունքներ)։ Դեռ վիճակահանության ժամանակ ասել էինք, որ պետք է առաջատար դեր ունենանք։ Անկախ այն բանից, թե ինչ կանենք այս երկու խաղերում, մենք հասել ենք մեր նպատակներին, և դա ինձ համար ամենամեծ նվաճումն է։ Ինչ վերաբերում է հրավերներին՝ իմ դռները միշտ բաց են այն ֆուտբոլիստների համար, որոնք կարող են օգնել մեզ»։
– Արդյո՞ք Կոնոմիսը վաղը խաղադաշտ դուրս կգա։
«Ինձ մոտ նման տրամաբանություն չի գործում։ Այն, որ նա այստեղ է, դեռ չի նշանակում, որ անպայման կխաղա (ծիծաղում է)»։
– Երևանյան ցուրտ եղանակը կարո՞ղ է ազդել թիմի խաղի վրա։
«Անշուշտ, ծայրահեղ ջերմաստիճանները կարող են ազդել այն թիմերի վրա, որոնք սովոր չեն դրան։ Բայց դա ավելի շատ վերաբերում է շոգին ու խոնավությանը։ Ցրտի դեպքում այդ խնդիրն այնքան էլ մեծ չէ, բացառությամբ, եթե այն ծայրահեղ է և հատուկ նախապատրաստություն է պահանջում»։
– Կազմում շատ փոփոխություններ սպասվո՞ւմ են։
«Չեմ կարծում, որ շատ փոփոխություններ կունենանք։ Ունենք երկու բացակայող ֆուտբոլիստ, կտեսնենք մինչև վաղը»։
Հիշեցնենք, որ ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի C2 խմբի նախավերջին՝ 5-րդ տուրի Հայաստան-Կիպրոս հանդիպումը կկայանա վաղը՝ նոյեմբերի 12-ին, Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։ Հանդիպումը կմեկնարկի ժամը 21:00-ին։














