Վալերի Օսիպյանի գույքի բռնագանձման գործով մաս է առանձնացվել ու մերժվել՝ ակնհայտ անհիմն լինելու հիմքով
ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանից և նրա կնոջից ենթադրյալ ապօրինի գույքի բռնագանձման գործով մաս է առանձնացվել ու միանգամից մերժվել։ Այս մասին գրում է Փաստինֆոն։
«Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Կարապետ Բադալյանի վարույթում է գտնվել ըստ հայցի՝ ՀՀ գլխավոր դատախազությունն ընդդեմ Վալերի Օսիպյանի և նրա տիկնոջ գործը, որի շրջանակներում, ըստ դատախազության, բռնագանձման ենթակա է Երևանի Կենտրոն վարչական շրջանում գտնվող բնակարանի 84 տոկոսը, ավտոկայանատեղու 96 տոկոսը, Լեքսուս մակնիշի տրանսպորտային միջոց, Երևանում բնակարանի 2/5-րդ մասն ամբողջությամբ, ավանդ, Կոտայքի մարզում գտնվող բնակարան, 48.004.645 ՀՀ դրամ՝ որպես ապօրինի եկամտի մնացորդ, 42.891.376 ՀՀ դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռք բերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել:
Ընդ որում, նկատենք, որ Կոտայքի մարզում վիճարկվող բնակարանն Օսիպյանը նվեր է ստացել պետությունից, սակայն դատախազությունը, չգիտես ինչու այն ապօրինի է որակել ու պահանջել բռնագանձել այն, ինչպես նաեւ հողամասի տնօրինման արդյունքում անցած տարիների ընթացքում ստացված եկամուտը։ Սակայն դատարանում իրադարձություններն այլ կերպ են զարգացել, այն է՝ դատարանը նվեր ստացած տան մասն առանձնացրել է ընդհանուր հայցից և քննել արագացված կարգով, ապա մերժել՝ ակնհայտ անհիմն լինելու հիմքով։
Գործին կցված է դատախազության կողմից ներկայացված գույքի նվիրատվության պայմանագիրը, որով հաստատվում է, որ Օսիպյանը ՀՀ-ից անհատույց` որպես նվեր է ստացել տվյալ անշարժ գույքը: Սա արձանագրելով դատարանը միաժամանակ նշել է, որ պահանջի հիմքում դատախազության դրած փաստակազմը չունի այնպիսի բավարար իրավական և փաստական նշանակություն, որը թույլ կտա եզրակացնել, որ գույքի ձեռքբերումը չի հիմնավորվում պատասխանողի՝ Օրենքով նախատեսված օրինական եկամտի աղբյուրով:
Պետության կողմից անձին գույքի նվիրատվության գործարքը, եթե կատարվել է այնպիսի խախտումներով, որոնք նշվում են հայցվորի կողմից, կարող է այդ հիմքով վիճարկվել տարբեր եղանակներով (ներառյալ, սակայն առանց սահմանափակման՝ վիճահարույց գործարքի անվավեր ճանաչելու պահանջի և դրա հետևանքների կիրառում՝ երկկողմանի ռեստիտուցիա կամ շուկայական արժեքի հատուցում, ոչ իրավաչափ գործողություններով պետությանը պատճառված վնասի հատուցման, գործարքին նախորդած/հիմք հանդիսացած վարչական ակտերի օրինականության վիճարկման վերաբերյալ պահանջներ ներկայացնելու միջոցով): Այդ դեպքերում փնտրվող արդյունքը գույքի վերադարձն է պետությանը կամ շուկայական արժեքի հատուցումը կամ վնասի հատուցումը, սակայն ոչ՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձումը և դրա նպատակների` կոռուպցիայի և հանցավորության դեմ պայքարի իրականացումը:
«Դատարանը վերահաստատում է, որ միայն նվիրատվության գործարքի և/կամ դրան նախորդող գործողությունների/անգործության, ակտերի իրավաչափության վերաբերյալ կասկածը կամ դրանց հնարավոր արատը բավարար չեն գույքն Օրենքի իմաստով ապօրինի ծագում ունեցող ճանաչելու համար, այլ անհրաժեշտ են այնպիսի փաստական հիմքեր, որոնք կվկայեն գույքի՝ Օրենքի իմաստով ապօրինի ծագում ունենալը, այնինչ սույն գործով Իրավասու մարմինն, ըստ էության դատելով պահանջի հիմքում դրված փաստերից, ավելի շուտ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթով պետությանը նախկինում պատկանած և նվիրատվությամբ անձին փոխանցված գույքի վերադարձի պահանջի հիմնավորումներ է ներկայացրել, քան՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման, ինչպես դա բխում է Օրենքից: Միաժամանակ, նվիրատվության գործարքի հնարավոր անվավերության կամ դրա կնքմանն ու կատարմանն նախորդած գործողությունների իրավաչափության հարցը կարող է քննության առարկա դառնալ նաև սույն՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցի քննության վարույթում՝ Օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված՝ բռնագանձման պահանջի հետ կապված այլ պահանջների ներկայացման միջոցով։ Սակայն այդ հնարավորությունը չի վերացնում իրավասու մարմնի պարտականությունը հիմնավորելու բուն հիմնական պահանջը՝ տվյալ գույքի՝ Օրենքի իմաստով ապօրինի ծագում ունենալը։ Այնինչ, պահանջի հիմքում ներկայացված փաստակազմը այդ նպատակի իրականացման համար բավարար չէ»,- նշված է դատական ակտում»,-գրում է կայքը։










