Մարտին Սուբիմենդին մեծ հավանականությամբ առաջիկա ամիսներին կհեռանա «Արսենալից»
Իսպանացի կիսապաշտպան Մարտին Սուբիմենդին մեծ հավանականությամբ առաջիկա ամիսներին կհեռանա Լոնդոնի «Արսենալից»։ Marca պարբերականի տեղեկություններով՝ ֆուտբոլիստի ծառայություններով գլխավոր հետաքրքրվածներից մեկը Մադրիդի «Ատլետիկոն» է։
Նշվում է, որ լոնդոնյան ակումբին անհրաժեշտ է միջոցներ հայթայթել և վաճառել մի շարք խաղացողների՝ բյուջեն հավասարակշռելու նպատակով։ «Զինագործների» ղեկավարությունը նախատեսում է երկարաձգել միայն հիմնական կազմի առանցքային ֆուտբոլիստների պայմանագրերը։ Մյուսները կհանվեն տրանսֆերի՝ ֆինանսական դրությունը բարելավելու համար, ինչպես դա տեղի ունեցավ Գաբրիել Մարտինելիի դեպքում, որը գրեթե 70 միլիոն եվրոյի դիմաց վաճառվեց սաուդյան «Ալ-Հիլալին»։ Սպասվում է, որ բացի Սուբիմենդիից, թիմից կարող են հեռանալ նաև Վիկտոր Յոկերեսն ու Միկել Մերինոն։
Մադրիդի «Ատլետիկոն» մտադիր է օգտվել ստեղծված իրավիճակից։ Իսպանական ակումբը կիսապաշտպանով հետաքրքրված էր դեռևս այն ժամանակ, երբ նա հանդես էր գալիս «Ռեալ Սոսիեդադում», սակայն մադրիդցիների դիմելու պահին խաղացողն արդեն համաձայնության էր եկել լոնդոնցիների հետ։
Ընթացիկ մրցաշրջանում Սուբիմենդիի դերը «Արսենալում» նվազել է Բրունո Գիմարաեշի տրանսֆերից հետո, ինչի պատճառով իսպանացին հայտնվել է պահեստայինների նստարանին։ Այս պահի դրությամբ նա 12 հանդիպումներում խաղադաշտում անցկացրել է ընդամենը 380 րոպե՝ առանց փոխարինման մասնակցելով միայն Չեմպիոնների լիգայում՝ «Սլավիայի» դեմ կայացած խաղին։
«Արսենալն» ակնկալում է հետ բերել այն 60 միլիոն եվրոն, որը ծախսել էր բասկ ֆուտբոլիստի տրանսֆերի վրա երկու տարուց էլ պակաս ժամանակ առաջ։ Ընդգծվում է, որ գործարքի իրականացմանը կարող են նպաստել ակումբների միջև առկա լավ հարաբերությունները, ինչպես նաև անցյալ ամռանը տեղի ունեցած «Խուլիան Ալվարեսի տրանսֆերային գործի» թարմ հիշողությունը, ինչի համատեքստում ֆուտբոլիստի տրանսֆերի համար հավանական «սուրբծննդյան զեղչը» միանգամայն իրատեսական է թվում։














