Ժնևյան հանդիպման ժամանակ Ադրբեջանը իսկապես ձախողվել է և հիմա վերսկսել են սադրիչ գործողությունները. Գառնիկ Իսագուլյան

22:18 • 24.10.17

Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադարձավ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանի հայտարարությանը, որ սահմանին իրավիճակը լարված է և համարժեք պատասխան միանշանակ լինելու է:

Նա նկատեց, որ Ադրբեջանը ինչպես միշտ ցանացած հանդիպումից առաջ  և հետո (նկատի ունի Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը-խմբ.) անպայման գնում է որոշակի սադրանքների: «Ժնևյան հանդիպման ժամանակ Ադրբեջանը իսկապես ձախողվել է և հիմա վերսկսել են սադրիչ գործողություններ: Ադրբեջանը հասկացավ, որ այն նկրտումները, որ ունի ինքը չի կարող դրան հասնել, քանի որ աշխարհը Արցախը այլևս ընկալում է, որպես փաստացի գոյություն ունեցող պետականություն, մնում է դրա դե յուրե ճանաչումը և չի ուզում համակերպվել այդ գաղափարի հետ»,-ասաց նա:

Գառնիկ Իսագուլյանը նշեց, թե տեղին է Լևոն Մնացականյանի պատասխանը, որ եթե իրավիճակ շարունակվի սրվել, ապա բավականին կոշտ հակադարձում կլինի: «Պարզապես պետք է սպասենք դիտորդները ավարտեն իրենց առաքելությունը և եթե Ադրբեջանը դրանից հետո էլ շարունակի նման գործողությունները, ապա կարծում եմ, որ պատժիչ գործողություններ կլինեն, քանի որ ուրիշ կերպ չի հասկանում Ադրբեջանը:

Ինչ վերաբերում է առաջիկայում սպասվող հնարավոր լարվածության աճին, նա նկատեց, որ Հայաստանում մոտենում են որոշակի քաղաքական գործընթացներ, 2018 թվականին լրանում է շարժման 30 ամյակը և ադրբեջանցիները չեն կարողանում ոչ մի կերպ մարսել: «Հայկական կողմի դիրքորոշումը շատ հստակ է այն առումով, որ Արցախը երբեք չի գտնվել անկախ Ադրբեջանի կազմում և չի էլ լինելու և Արցախը ինքնորոշման իրավունքը վաստակել է դեռևս խորհրդային իշխանության տարիներին: Այժմ բոլոր քաղաքագետների, փորձագետների լեքսիկոնի մեջ պետք է մտնի, որ այլևս ազատագրված, օկուպացված, անվտանգության գոտի ծառայող տարածք հասկացողություն չկա: Կա Արցախի Հանրապետության Սահմանադրությունը, ըստ որի`տարածքները համարվում են հենց Արցախի Հանրապետության անբաժանելի մասը»,-ասաց նա:

Հարցին, թե ինչու հիմա որոշվեց, նման ձևակերպումներ չպետք է լինեն` ինչպես ազատագրված տարածքներ, անվտանգության գոտի, և դա նաև իշխանության ներկայացուցիչներն են օգտագործում, Գառնիկ Իսագուլյանը նշեց, որ հակառակ պարագայում դա նշանակում է, որ ինքներս չենք հարգում Արցախի Հանրապետությունը,  հանրաքվեները: «Սա Արցախի իշխանությունների որոշումն է»,-ասաց նա:

Նա նշեց, որ Արցախյան հիմնահարցը որևէ այլ երկրի խնդրին նման չէ: «Կա ագրեսոր, որ փորձում է իրավիճակը վերադարձնել մինչև 88 թվական եղած վիճակին և կա հայկական երկրորդ պետականությունը, որը առանց արտաքին ուժերի միջամտության կարողացել է հաղթել իրեն պարտադրված պատերազմում և ձևավորել դե ֆակտո գոյություն ունեցող պետություն, որը բոլոր չափանիշներով շատ ավելի առաջ է, քան Ադրբեջանը»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է հարցին, թե ինչի կարող է հանգեցնել այս շարունակական լարվածության աճը, նա ասաց, որ մեզանից է կախված: «Եթե մենք կարողանանք միասնականությունը դրսևորել, մենք մեզ թիկունքից չհարվածենք, և եթե  նման սադրիչ գործողություններին  Ադրբեջանը ստանա ոչ թե համարժեք, այլ կանխարգելիչ ու պատժիչ հարվածներ, կհասկանա, որ նման ոճով շարունակելը իրեն ձեռնտու չէ»,-ասաց նա և նշեց, որ Մինսկի խումբը շատ լավ հասկանում է կոնֆլիկտը և բոլոր պարագայում արձագանքում է: